Իրանահայ պատգամավորները այցելել են Լիբանանի դեսպանատուն
Իրանի Իսլ. խորհրդարանում իրանահայության պատգամավորներ Արա Շահվերդյանն ու Ռոբերտ Բեգլարյանը այցելեցին Իրանում Լիբանանի դեսպանատուն։
Դեսպան Հասան Մուհամմադ Աբբասի հետ հանդիպման ընթացքում իրանահայ պատգամավորները Իրանի ժողովրդի, իրանահայության եւ խորհրդարանի անունից ցավակցություն եւ զորակցություն են հայտնել Լիբանանի եղբայրական ժողովրդին՝ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի առիթով, որին զոհ են գնացել ավելի քան 150 լիբանանցիներ, այդ թվում, նաև, լիբանանահայեր։
Աղետի հետևանքները հաղթահարելու նպատակով, նրանք խորհրդարանի եւ կառավարության անունից Լիբանանին մարդասիրական օգնություն տրամադրելու պատրաստակամություն են հայտնել։
Դեսպան Մուհամմադ Աբբասը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին այցի կապակցությամբ, և երախտագիտություն է հայտնել Իրանի ժողովրդին՝ ցուցաբերած զորակցության համար։