Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
ԻԻՀ և Թուրքիայի արտգործնախարարները կարևորել են երկու երկրների միջև բարեկամական կապերը:
Շաբաթ երեկոյան Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ընդգծել է երկու երկրների միջև սերտ և բարեկամական հարաբերությունների առկայությունը և Անկարայի վարած բարիդրացիական քաղաքականությունը:
Չավուշօղլուն նաև հավաստիացրել է, որ Թուրքիայի նախագահը հարգում է Իրանի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Նա հավելել է, որ Էրդողանը տեղյակ չի եղել իր կողմից արտասանված բանաստեղծության նկատմամբ առկա զգայունության մասին, համարելով, որ խոսքը վերաբերում է միայն Լաչինին և Լեռնային Ղարաբաղին, ինչի պատճառով Բաքվում կարդացել է այն:
Հեռախոսազրույցում Իրանի արտգործնախարարը կարևորել է երկու երկրների միջև բարեկամական և հարգալից հարաբերությունները, ինչպես նաև Թուրքիայի նախագահի և Իրանի պաշտոնյաների ջերմ հարաբերությունները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 10-ին Բաքվում անցկացված շքերթի ժամանակ արտասանել էր Արաքս գետին նվիրված «Արազ, Արազ» հայտնի բանաստեղծությունը, որում նա դիմելով Իրանի Ատրպատականի ժողովրդին, ասել էր․ «Մենք ձեզանից չբաժանվեցինք, մեզ բռնի կերպով բաժանեցին», և վերջում ավելացրել էր, որ Արազը շուտով իշխանություն և ուժ կստանա, այսինքն՝ կակտիվանա: