Իրանցիները համերաշխություն են հայտնել Ատրպատականի ազերիներին
Դեկտեմբերի 10-ին, Բաքվի զորահանդեսի ժամանակ իր ելույթում, Թուրքիայի նախագահ Էրդողանը, մեջբերել էր ադրբեջանցի բանաստեղծ Բախթիյար Վահաբզադեի խոսքերը, որն ասել է․ «Արաքսը մեզանից բաժանեցին, երկաթներով ու քարերով լցրին, ես քեզնից չէի բաժանվի, մեզ ստիպողաբար են բաժանել»։ Էրդողանի այս հայտարչարությունը բողոքի ալիք է բարձրացրել Իրանում, հատկապես իրանաբնակ ազերիների շրջանում:
Ի նշան համերաշխության Իրանի Ատրպատական նահանգի ազերիների հետ, Թեհրանի Ազատության աշտարակի վրա հեռարձակվել է հետևյալ ուղերձը. «Մեր սիրելի Ատրպատական: Պարսիկներն ու ազերիները եղբայրներ են»:
Շաբաթ օրը, Էրդողանի հայտարարության դեմ բողոքի ցույցեր էին կազմակերպվել Իրանի հյուսիս-արևմտյան Թավրիզ քաղաքում: Ցույցի մասնակիցները, դատապարտելով Էրդողանի հայտարարությունը, բացականչել են. «Էրդողան, Իսրայել, շնորհավոր ձեր միությունը»:
Էրդողանի ելույթից հետո, Թեհրանում Թուրքիայի դեսպանը կանչվեց Իրանի ԱԳՆ և նրան փոխանցվեց Թեհրանի բողոքն այդ ելույթի կապակցությամբ: