Իրանի խորհրդարանի ավագ պատգամավոր.«Ամերիկացիների փրկության միակ ճանապարհը տարածաշրջանից նրանց հեռանալն է»
Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահն ասել է.«Ամերիկացիների փրկության միակ ճանապարհը տարածաշրջանից նրանց հեռանալն ու բռնատիրությանը վերջ դնելն է»:
Կիրակի օրը, Iran Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, հակադարձելով Պարսից Ծոցում ամերիկացիների նոր տեղաշարժերին, Աբբաս Մողթադային ասել է.«Իրանը պաշտպանական բարձր կարողությամբ և առանց ԱՄՆ-ից վախենալու, տարածաշրջանի ազդեցիկ երկրներից է»:
Նա հավաստիացրել է, որ Պարսից Ծոցը պատկանում է ափամերձ երկրներին և իհարկե միջազգայնորեն շահագործվում է, սակայն ամերիկացիները ցանկանում են Պարսից Ծոցում բազա ունենալ և իրենց իշխանությունը հաստատել:
Մողթադային նշել է, որ չնայած որոշ խնդիրներին, Իրանը տեղական պաշտպանական հզոր կարողությամբ է օժտված, որի պատճառով այս անապահով տարածաշրջանում կատարելապես ապահով է, ինչը դուր չի գալիս ամերիկացիներին:
Անցած երկուշաբթի օրը, ԱՄՆ-ը տեղեկացրեց իր USS Georgia միջուկային սուզանավի Պարսից Ծոց մուտք գործելու մասին: