Շամխանին ընդգծել է տարածաշրջանի անվտանգությունն առանց օտարների ապահովելու անհրաժեշտությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ընդգծել է, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի առանց արտաքին ներկայության ու միջամտության:
Հանդիպմանը, անդրադառնալով երկու երկրների միջև զարգացող հարաբերություններին, Ալի Շամխանին ընդգծել է, որ տարածաշրջանում կայունության և առաջընթացի համար անհրաժեշտ է լարվածության նվազեցում, տարածաշրջանային անվտանգության պահպանում և կոլեկտիվ համագործակցության ավելացում՝ առանց արտաքին ուժերի դերակատարության ու միջամտության։

Նա նաև ընդգծել է տարածաշրջանի երկրների միջև տարածաձայնությունները խաղաղ ճանապարհով ու երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը:
Գոհունակություն հայտնելով Թեհրանի և Երևանի միջև քաղաքական հարաբերությունների մակարդակի կապակցությամբ, Շամխանին կարևորել է Իրանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների և ստորագրված համաձայնագրերի՝ հնարավորինս արագ իրականացման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ՀՀ ենթակառուցվածքային նախագծերում իրանական ընկերությունների ներկայությունն ընդգծել է բոլոր ոլորտներում Իրան-Թեհրան հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Նա նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը դրական է:
Գոհունակություն հայտնելով Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի Հայաստան կատարած այցի կապակցությամբ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է բոլոր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը»:
Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հայաստանի կառավարությունը պատրաստ է բարձրացնել Իրանի հետ բազմակողմ համագործակցության մակարդակը՝ երկու ժողովուրդների շահերի և բարօրության ապահովման հիման վրա»։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայացուցիչ, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, հինգշաբթի առավոտյան մեկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի մայրաքաղաք Երևան։