Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանի այցը՝ «ԱԼԻՔ»
Ապրիլի 15-ին «ԱԼԻՔ»-ի խմբագրատուն այցելեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը՝ շնորհավորելու և աշխատանքային բարեհաջող ընթացք մաղթելու «ԱԼԻՔ»-ի նորընտիր գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանին:
Գլխավոր խմբագրի հետ հանդիպմանը ներկա էին «ԱԼԻՔ»-ի վարչության նախագահ Վարուժան Յովհաննիսյանը և ներքին վարիչ Արգիշտի Թովմասյանը: Պատգամավորը իր հետ ունեցած զրույցի ընթացքում նշեց, որ հանդիպման նպատակն էր մոտկից ծանոթանալ «ԱԼԻՔ»-ի խնդիրներին և ըստ հնարավորինս նպաստել և ավելի սահուն դարձնել կապը պետական պատկան մարմինների, ինչպես Իսլ. Մշակույթի և առաջնորդության նախարարության հետ, քանի որ «ԱԼԻՔ»-ը իրանահայ համայնքի կարևորագույն, իսկ իրանական մակարդակում՝ երկրորդ ամենահին օրաթերթն է Իրանում, և բոլորիս պարտականությունն է, որ «ԱԼԻՔ»-ի կողքին լինենք: Պատգամավորը նաև կարևորեց «ԱԼԻՔ»-ը իրանական շրջանակներին ավելի լայն ծանոթացնելու անհրաժեշտությունը, որը հնարավոր է պարսկերեն հավելվածի միջոցով: Նա դրա լավագույն օրինակը համարեց՝ Իրան-Իրաք պարտադրյալ պատերազմի հիշատակին լույս ընծայված հավելվածը, որը մեծ ընդառաջում էր գտել իրանական բոլոր շրջանակներում:
Արա Շահվերդյանը գնահատանքով անդրադարձավ «Ալիք մահալե»-ին, որն անդրադառնում է հայկական քաղաքամասերի պատմականին, և ներկա իրավիճակին: Նա կարևոր համարեց «ԱԼԻՔ»-ի կապը հայ համայնքի բոլոր խավերի հետ: Պատգամավորը վերջում հաջողություն մաղթեց նորընտիր խմբագրին և աշխատակազմին՝ շարունակելու իրենց ազգօգուտ աշխատանքները: