Իրանն ընդլայնում է Լատինական Ամերիկայի երկրների հետ միջուկային համագործակցությունը
ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է. «Առաջիկայում ընդլայնվելու է միջուկային ոլորտում Լատինական Ամերիկայի երկրների, այդ թվում Վենեսուելայի հետ համագործակցությունը»:
Իրանի հեռուստատեսության առաջին ալիքին տված հարցազրույցում, Մոհամմադ Էսլամին անդրադառնալով ԻԻՀ գերագույն առաջնորդի հետ գիտնականների, մասնագետների, փորձագետների և պաշտոնյաների վերջերս կայացած հանդիպմանը և նրա ներկայությամբ կազմակերպված ցուցահանդեսին, նշել է, որ իրանցի մասնագետները, հիմնվելով արտասահմանյան մոդելի վրա, առաջին անգամ կառուցել են 20 տոննա տարողությամբ գամմա ճառագայթման համակարգ:
Նա հավելել է. «Իրանցի երիտասարդ մասնագետների ջանքերի շնորհիվ, միջուկային արդյունաբերության շատ ոլորտներում մենք կարողացել ենք հասնել առաջընթացի և ինքնաբավության»:
Անդրադառնալով առողջապահական ոլորտում Իրանի առաջընթացին, Էսլամին հայտարարել է, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունում արտադրվում է ավելի քան 50 տեսակի ռադիոդեղ, նա նշել է. «Իրանն այսօր աշխարհում առաջին երկրներից է, որը կարողացել է ռադիոթերապևտիկ դեղամիջոցներ արտադրել և վաճառել»:
Խոսելով Լատինական Ամերիկայի երկրների հետ համագործակցության ընդլայնմանն Էսլամին հավելել է. «Խաղաղ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության համար Իրանի նպատակներից մեկը Լատինական Ամերիկայի երկրներն են, ինչպես օրինալ Վենեսուելան: Առաջիկայում այդ երկրների հետ համագործակցություն կիրականացնենք միջուկային, հատկապես ռադիոդեղագործության և բժշկական ծառայությունների ոլորտում»։
Իրանն ու Վենեսուելան այսօր ենթարկված են ԱՄՆ միակողմանի պատժամիջոցներին և ընդհանուր տեսակետներ ունեն այնպիսի հարցերում, ինչպես՝ բազմակողմանիության պաշտպանությունը, Միացյալ Նահանգների անօրինական և միակողմանի գործողություններին դիմակայելը, միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու իրավունքը և Պաղեստինի ժողովրդի իրավունքների ճանաչման հարցը: