ԻԻՀ-ն պաշտոնապես դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության մշտական անդամ
Այսօր Հնդկաստանի հյուրընկալությամբ վիրտուալ ձևաչափով տեղի ունեցած Շանհայի համագործակցության կազմակերպության 23-րդ նստաշրջանում հայտարարվեց այս կազմակերպությանն Իրանի Իսլամական Հանրապետության մշտական անդամակցության մասին, և այս կազմակերպության ղեկավարների կողմից ստորագրվեցին Իրանի պաշտոնական անդամակցության փաստաթղթերը:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր՝ (հուլիսի 4-ին) կայացած այս հանդիպմանը, գերազանց գնահատելով Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) դիրքը քաղաքական, անվտանգության և տնտեսական համագործակցության զարգացման գործընթացը խթանելու գործում, ասել է,-«Հուսով եմ, որ Իրանի ներկայությունը այս կարևոր և ազդեցիկ կազմակերպությունում հարթակ կստեղծի հավաքական անվտանգության ապահովման , դեպի կայուն զարգացում ուղղորդման, կապերի և հաղորդակցությունների ընդլայնման, միասնության ամրապնդման, երկրների ինքնիշխանության նկատմամբ առավել քան երբևէ հարգանքի և բնապահպանական սպառնալիքներին դիմակայելու սիներգիայի համար»:
Նշելով, որ կայուն խաղաղությունն ու կայունությունը հնարավոր կլինի, երբ տարածաշրջանի ժողովուրդները ապավինեն իրենց մշակույթից ու քաղաքակրթությունից բխած ընդհանուր իդեալներին, և համագործակցության հարթակ ստեղծեն, նախագահ Ռայիսին հավելել է.-«Իրանի Իսլամական Հանրապետությունը, ավելի քան երկու տասնամյակ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի հաջող փորձով, ապացուցել է իր հանձնառությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման և հեգեմոնիայի դեմ պայքարի նկատմամբ»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Էներգետիկայի, տեխնոլոգիաների, արդյունաբերության, գյուղատնտեսության, և առևտրի ոլորտներում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամների համագործակցությունը կարող է աշխարհի ժողովուրդների համար բացել տարածաշրջանային արդար աշխարհակարգի լուսավոր հեռանկար»:
Ընդգծելով համաշխարհային առեւտրից դոլարը հանելու անհրաժեշտությունը՝ Ռայիսին ասել է.-«Դիմելով տնտեսական հարկադրանքի և պատժամիջոցների՝ արևմտյան գերտերությունները վտանգի տակ են դրել անվտանգությունն ու տնտեսական բարգավաճումը և արդար առևտրի սկզբունքներն աշխարհում»։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նաև անդրադառնալով տարբեր ոլորտներում Իրանի ներքին կարողություններին ապավինելու արդյունքում առաջընթացին, ասել է,-«Կապերի ամրապնդումը և տնտեսական զարգացումը պահանջում են տարածաշրջանում կապերի և տարանցիկ ու տրանսպորտային ուղիների ընդլայնում»:
Նախագահ Ռայիսին հավելել է.-«Իրանը պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ այս ոլորտում»:
Անդրադառնալով տարածաշրջանային ինտեգրման եւ անվտանգության ամրապնդման ոլորտում համագործակցությանն ուղղված Շանհայի համագործակցության կազմակերպության հնարավորություններին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է,-«Երկրների ինքնիշխանությունը հարգելու և փոխշահավետ համագործակցության վրա հենվելու լույսի ներքո, անվտանգության և կայուն զարգացման վեհ նպատակները կարող են իրականություն դառնալ»:
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.-«Իրանի 13-րդ կառավարության ակտիվ դիվանագիտությունը նոր ձեռքբերում է գրանցել Իրանի մեծ ժողովրդի համար»։
Ամիր Աբդոլլահյանը հավելել է.-«Իրանի Իսլամական Հանրապետության լիիրավ անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը կարևոր քայլ է համապարփակ արտաքին քաղաքականություն վարելու, հարևանության քաղաքականության ամրապնդման և հայացք դեպի Ասիա ուղղելու համար»։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հստակեցրել է,--«Բազմակողմանիությունը համարվում է արտաքին հարաբերությունները և միջազգային համագործակցությունը զարգացնելու առաջատար երկրների հիմնական ռազմավարությունը»։