Իրանի և Բելառուսի արտգործնախարարների հանդիպումը BRICS-ի նիստի շրջանակում
Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացվող BRICS-ի նիստի շրջանակում Իրանի և Բելառուսի արտգործնախարարները հանդիպել և քննարկել են երկուստեք հետաքրքրող հարցեր։
ԻՍՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի և Բելառուսի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Սերգեյ Ալինիկը հինգշաբթի օրը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող որոշ հարցեր, այդ թվում՝ երկու երկրների նախագահների կողմից ստորագրված համագործակցության ճանապարհային քարտեզի իրականացման ոլորտում արձանագրված առաջընթացը։
BRICS-ի նիստն ընթանում է Յոհանեսբուրգում։
BRICS-ի խումբը ձևավորվել է աշխարհի հինգ զարգացող տնտեսական տերությունների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Հարավային Աֆրիկայի համագործակցությամբ՝ նպատակ ունենալով դիմակայել ԱՄՆ-ի միակողմանիությանը։
BRICS-ի գագաթնաժողովի այսօր տարածած հայտարարության մեջ նշվել է, որ այս խմբին միանալու Իրանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Արգենտինայի և Եթովպիայի դիմումներն ընդունվել են , և այս երկրները BRICS-ի պաշտոնական և լիիրավ անդամներ կդառնան 2024 թ. հունվարի 1-ից: