Իրանը ողջունել է Ղարաբաղում հակամարտության դադարեցման համաձայնագրի ստորագրումը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Իրանը ողջունում է Ղարաբաղում հակամարտության դադարեցման մասին Ադրբեջանի ու Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև համաձայնագրի ստորագրումը և ակնկալում է, որ կողմերը կկենտրոնանան երկխոսության և խաղաղ մեխանիզմների վրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում հարցերը լուծելու համար»:
Ընդգծելով, որ պատերազմը բացի ավերածություններից և ատելության տարածումից, վտանգում է տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, Քանանին, ողջունելով Բաքվի և Ղարաբաղում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը, նշել է. «Տարածաշրջանում հակամարտությունները շարունակելու պատճառ չկա, և մենք հույս ունենք, որ այսուհետ նոր պատերազմի ականատես չենք լինի»։
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հավելել է. «Իրանը հորդորում է հարգել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները և կարծում է, որ այս շրջանակներում պետք է ապահովվեն նաև Ղարաբաղի բնակիչների իրավունքները և անվտանգությունը: Թեհրանը նաև պատրաստ է նպաստել տարածաշրջանում մշտական և կայուն խաղաղության գործընթացին և ընդգծում է, որ երրորդ կողմերի ներգրավվածությունը տարածաշրջանի խնդիրներին միայն հանգեցնում է խնդիրների բարդացմանը»։