Անհրաժեշտ է համաշխարհային միասնություն՝ կլիմայի փոփոխության հետևանքների դեմ պայքարելու համար
Իրանի շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպության ղեկավարը Ասիայի շրջակա միջավայրի նախարարների հանդիպման շրջանակում ընդգծել է կլիմայի փոփոխության հետևանքների դեմ գլոբալ միասնության անհրաժեշտությունը։
Իրանի հեռուստատեսության փոխանցմամբ՝ Իրանի շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպության ղեկավար Ալի Սելաջեղե ընդգծել է, որ կլիմայի փոփոխությունը վնասում է բոլոր երկրներին, հավելելով, որ այս երևույթը և ջերմոցային գազերի արտանետումը չեն կարող սահմանափակվել որոշակի երկրով կամ տարածաշրջանով:
Սելաջեղեն հավելել է. «Զարգացած երկրներն ավելի լավ հարմարվողական կարողություններ ունեն կլիմայի փոփոխությանը դիմակայելու համար: Մյուս կողմից, զարգացող երկրներն ավելի խոցելի են կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ, և դա հանգեցնում է նրան, որ զարգացող երկրներում անհավասարությունը սրվում է»:
Սելաջեղեն ընդգծել է, որ Իրանը, որպես Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի անդամ, միշտ աջակցել է շրջակա միջավայրը պաշտպանելու և ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու միջազգային ջանքերին: