Փետրվար 26, 2024 16:14 Asia/Tehran

Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ իր երկիրը կարող է Իրանի համար ծառայել որպես «առևտրային դարպաս» դեպի Եվրոպա։

Այս մասին նա հայտնել է IRNA գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում՝ նաև անդրադառնալով երկու երկրների տնտեսական հարաբերություններին։

«Քանի որ մենք Եվրոպական միության անդամներ ենք, Շենգենյան գոտու անդամներ ենք, ապա Հունգարիան հեշտությամբ կարող է Իրանի կողմից համարվել դարպաս դեպի Եվրոպա», - ասել է Սիյարտոն։

Նա շեշտել է, որ Բուդապեշտը և Թեհրանը վերջին տարիներին շարունակել են իրենց տնտեսական հարաբերությունները՝ չնայած Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների առաջացրած մարտահրավերներին։

«Իրանի դեմ բավականին ընդլայնված պատժամիջոցները երկու երկրների միջև արդյունավետ տնտեսական և առևտրային համագործակցության համար լուրջ մարտահրավերներ են ստեղծում, բայց սա չի նշանակում, որ համագործակցությունն անհնար է», - ասել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարը։

Փետրվարի 22-ին Թեհրանում երկու երկրների միջև տնտեսական կապերն ամրապնդելու համար կազմակերպված «Իրան-Հունգարիա» բիզնես ֆորումի ժամանակ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որը հիմնականում առնչվում է գյուղատնտեսությանը։

Կողմերը նաև պայմանավորվել են ջրի մաքրման հունգարական տեխնոլոգիաների ներդրման շուրջ։

 

 

 

 

 

Պիտակ