Թյուրքերը ոչ պաշտոնական գագաթնաժողով են անցկացրել Հունգարիայում
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացել է թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Հանդիպման արդյունքներով ընդունվել է հռչակագիր, հաղորդում է թուրքական «Անադոլու»գործակալությունը:
Փաստաթղթում նշվում է, որ այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» (ՀԿԹՀ), ( Կիպրոս կղզու՝ թուրքերի կողմից գրավված հյուսիսային մասը ), կազմակերպության այլ դիտորդ-անդամներ Հունգարիայի և Թուրքմենստանի հետ միասին, թյուրքական աշխարհի անբաժանելի մասն է:
Հռչակագիրը ընդգծում է ԹՊԿ շրջանակներում միասնությունը, թուրքական պետությունների միջև համերաշխությունը, կազմակերպության անդամների կողմից ՀԿԹՀ-ին աջակցությունը, ինչպես նաև այն խնդիրները, որոնք Թուրքիայի համար առաջնահերթություն են:
Փաստաթղթում արտահայտված է «կիպրոսցի թուրքերի անօտարելի հավասար իրավունքների ապահովման հարցում» թյուրքական աշխարհի համերաշխությունը:
«ԹՊԿ-ի երկրների ղեկավարները կոչ են արել կիպրոսական հարցին տալ փոխընդունելի և իրատեսական լուծում՝ ըստ կղզում առկա իրողությունների», - ասված է հաղորդագրության մեջ:
Գագաթնաժողովի մասնակիցները հավատարմություն են հայտնել ԹՊԿ-ի շրջանակներում առկա եղբայրության ոգուն՝ նշելով թյուրքական պետությունների միջև միասնությունը և համերաշխությունը խաթարելու ցանկացած փորձ կանխելու անհրաժեշտությունը:
Առաջնորդները ճանաչել են «Թյուրքական աշխարհի հռչակագիրը»՝ որպես թյուրքական ժողովուրդների ընդհանուր մշակույթի, սովորույթների և ավանդույթների, լեզվի և պատմության հիմնական արտահայտություն և իրենց ընդհանուր թյուրքական ինքնության ամրապնդման համախմբման շրջանակ:
Ընդգծվել է 2025թ. մայիսի 1-2-ը «ՀԿԹՀ»-ի Գիրնե քաղաքում ԹՊԿ-ի ավագանու 17-րդ նիստի հաջող անցկացումը:
Առաջնորդները վերահաստատել են ԹՊԿ-ի անդամ պետությունների կամքը՝ համաձայն «թյուրքական աշխարհի տեսլական 2040» փաստաթղթի, իրենց երկրների ազգային շահերի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում ամրապնդելու քաղաքական համերաշխությունն ու փոխադարձ աջակցությունը։
Հիշեցնենք, որ Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ղեկավարները, սակայն, ապրիլի 3-4-ը Սամարղանդում կայացած «Կենտրոնական Ասիա-ԵՄ» գագաթնաժողովի արդյունքներով ստորագրել էին համատեղ հռչակագիր, որում, մասնավորապես, հաստատվում էր աջակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի № 541 (1983) և № 550 (1984) բանաձևերին, որոնցով դատապարտում է չճանաչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» հռչակումը և կոչ են անում մյուս երկրներին չճանաչել այն:
Բացի այդ, թուրքալեզու հանրապետությունները հայտարարել են Կիպրոսի հունական մասի հետ ուղղակի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մտադրության մասին՝ ելնելով Եվրամիության հետ մերձեցման շահերից: Ղազախստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը պաշտոնական Նիկոսիայի հետ արդեն պայմանավորվել են դիվանագիտական հարաբերությունների մակարդակը մինչև դեսպանատներ բարձրացնելու մասին՝ Կիպրոսի Հանրապետությունում նշանակելով ռեզիդենտ դեսպաններ:
Կենտրոնական Ասիայի երկրների՝ նման դիրքորոշումը բացասական արձագանք է առաջացրել Անկարայում, որտեղ որոշ քաղաքական գործիչներ և հասարակական գործիչներ այդ հռչակագիրը գնահատել են որպես դավաճանություն և աշխարհաքաղաքական հարված Թուրքիային:
arm.sputniknews