Իրանը խստորեն դատապարտում է քիմիական զենքի կիրառումը
(last modified Fri, 06 Sep 2024 08:10:57 GMT )
Սեպտեմբեր 06, 2024 11:40 Asia/Tehran
  • Իրանը խստորեն դատապարտում է քիմիական զենքի կիրառումը

Որպես քիմիական զենքի կիրառման զոհ, Իրանը խստորեն դատապարտում է այդ զենքի կիրառումը որևէ մեկի կողմից, ցանկացած վայրում և ցանկացած պարագայում:

«Մեհր» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Իրանի դեսպան ու մշտական ներկայացուցիչ  Ամիր Սաիդ Իրավանին ՝ «Իրավիճակը Մերձավոր Արևելքում․ (Սիրիա - քիմիական զենք)» թեմայով հանդիպմանն ասել է․

«Սիրիան, որպես Քիմիական զենքի կոնվենցիայի (CWC)  անդամ, շարունակում է հավատարիմ մնալ այս կոնվենցիայով ստանձնած իր պարտավորություններին և սերտորեն համագործակցում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) հետ: Մենք գիտակցում ենք Սիրիայի կառավարության ջանքերի կարևորությունը՝ իրականացնելու սույն կոնվենցիայով նախատեսված իր պարտավորությունները:

Մենք կարծում ենք, որ ՔԶԱԿ-ը պետք է կարողանա իր պարտականությունները կատարել անաչառ, պրոֆեսիոնալ և օբյեկտիվորեն պարզելով փաստերը և եզրակացությունները հիմնավորել փաստերով։

Դա բխում է կոնվենցիայի, Քիմիական զենքի արգելման կազմակերպության, օրենքի գերակայության և միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման շահերից։ Իրանը ևս մեկ անգամ հայտարարել է Քիմիական զենքի մասին կոնվենցիային իր լիակատար աջակցությունը և պահանջում է Կոնվենցիայի լիարժեք, արդյունավետ և ոչ խտրական կիրարկումը:

Ցավոք, վերջին տարիներին կազմակերպության որոշ անդամ  երկրներ  համակարգված կերպով  չարաշահում են այս կառույցի աշխատանքը՝ ամեն գնով իրենց քաղաքական նպատակներն առաջ տանելու համար։

Անհիմն պնդումների միջոցով, այդ երկրները կազմակերպությունն օգտագործում են Սիրիայի դեմ և անտեսում Դամասկոսի կողմից իր պարտավորությունների կատարումը։

Կրկնվող հայտարարություններն ընդգծում են  խորհրդի նիստերի անցկացման անարդյունավետությունը, քանի որ ակնհայտ է հիմնարար առաջընթացի կամ կարևոր զարգացումների բացակայությունը։

Եվ այս գործընթացը, որը խաթարում է կոնվենցիայի հեղինակությունը և վտանգում  ՔԶԱԿ-ի նկատմամբ առկա վստահությունը, պետք է դադարեցվի։

Այս կապակցությամբ հղում ենք անում 2024 թվականի հուլիսի 18-ին Բեռլինի խմբի 21-ի նամակին, որում ընդգրկված են ՄԱԿ-ի և ակադեմիական փորձագետներ։

Նամակը, որն ուղարկվել է Քիմիական զենքի կոնվենցիայի բոլոր անդամ երկրներին, Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, լրացուցիչ ապացույցներ է ներկայացնում ՔԶԱԿ-ի տեխնիկական քարտուղարության աշխատանքի թերությունների մասին և ներկայացնում կազմակերպության քաղաքականացման վտանգները:

Մենք աջակցում ենք Սիրիայի և ՔԶԱԿ-ի միջև շարունակական կառուցողական երկխոսությանը՝ առկա հարցերը լուծելու և գործը ավարտին հասցնելու ուղղությամբ։

Իրանը, որպես ՔԶԱԿ-ի ակտիվ անդամ, ընդգծում է կազմակերպության անկախ, անաչառ և պրոֆեսիոնալ աշխատանքի ապահովման կարևորությունը: Սա հատկապես կարևոր է անդամ երկրների, այդ թվում՝ Սիրիայի պարտավորությունների կատարման հետ կապված հարցերի առնչությամբ։

Որպես քիմիական զենքի հիմնական զոհ՝ Իրանը խստորեն դատապարտում է քիմիական զենքի կիրառումը որևէ մեկի կողմից, ցանկացած վայրում և ցանկացած պարագայում:

Պետք է ամեն ջանք գործադրել՝ կանխելու այդ սարսափելի զենքի կիրառումը։ Իրանին մտահոգում է  այն հանգամանքը, որ ահաբեկչական խմբավորումները կարող են ձեռք բերել   քիմիական զենք։ Թեհրանն ընդգծում է ավելի ուժեղ միջազգային համագործակցության անհրաժեշտությունը՝ գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող այս սպառնալիքին դիմակայելու համար»: