ԻԻՀ նախագահ․ ԱՄՆ-ի դավադրությունները կչեզոքացվեն
(last modified Fri, 25 Oct 2024 06:40:27 GMT )
Հոկտեմբեր 25, 2024 10:10 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ․ ԱՄՆ-ի դավադրությունները կչեզոքացվեն

ԻԻՀ նախագահը հայտարարել է․ «ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում հաստատված ծրագրերի գործադրմամբ, ԱՄՆ-ի դավադրությունները կչեզոքացվեն»։

«Սահաբ» գործակալության փոխանցմամբ՝ Մասուդ Փեզեշքյանը, ով Ռուսաստանից վերադարձել է Թեհրան, Մեհրաբադ օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով տարբեր երկրների ղեկավարների հետ իր հանդիպումներին, ասել է․ «ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դավադրությունները կչեզոքացվեն ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում հաստատված ծրագրերի իրականացմամբ»։

Նշելով, որ ԲՐԻԿՍ խումբը մտադիր է վերջ դնել ամերիկյան դոլարի գերակայությանը, Փեզեշքյանն ասել է․ «ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում որոշվել է  Արժույթի միջազգային հիմնադրամում ստեղծել նոր հիմնադրամ, որը կզբաղվի ԱՄՆ-ի միակողմանի գործողություններով, որպեսզի չեզոքացնելով ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունն անդամ երկրները դրամական և ֆինանսական հարաբերություններում ունենան ավելի մեծ անվտանգություն»։

Իրանը, որպես ԲՐԻԿՍ անդամ, առաջին անգամ էր մասնակցում խմբի գագաթնաժողովին։ Ներկայություն, որը թույլ կտա անդամ երկրների հետ համագործակցության արդյունքում չեզոքացնել պատժամիջոցները։

Իրանի իսլամական խորհրդարանի «Անկախ» ֆրակցիայի անդամ Ահմադ Ֆաթեմին, նշելով, որ ԱՄՆ-ն ու Արևմուտքը փորձում են պատժամիջոցների կիրառմամբ կաթվածահար անել Իրանի տնտեսությունն ասել է․ «ԲՐԻԿՍ անդամ երկրների հետ փոխգործակցությունն ու տնտեսական համագործակցության զարգացումը կարող են չեզոքացնել պատժամիջոցները»։

 Միջազգային հարցերով փորձագետ Նավիդ Քամալին նույնպես կարծում է, որ ԲՐԻԿՍ-ն Իրանին հնարավորություն է ընձեռել աշխարհի զարգացող տնտեսական տերությունների հետ բազմակողմ հարաբերությունների զարգացման միջոցով մարտահրավեր նետել երկիրը մեկուսացնելու Արևմուտքի  քաղաքականությանը։

Նա նշում է, որ ԲՐԻԿՍ խումբը, որը ներառում է աշխարհի բնակչության կեսը և համաշխարհային տնտեսական հզորության ավելի քան մեկ քառորդը, հարմար հարթակ է ապահովում Իրանի քաղաքական և տնտեսական փոխգործակցության ընդլայնման համար, նույնիսկ Արևմուտքի ճնշման պայմաններում։

Մյուս կողմից, արևմտյան փորձագետները նշում են, որ ԲՐԻԿՍ-ում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի հակաամերիկյան դաշինքը կարևոր դեր ունի։

Economist ամսագիրը հրապարակել է հոդված, որում այս կապակցությամբ գրել է․ «Իրանը, Ռուսաստանը և Չինաստանն այսօր վարում են ընդհանուր արտաքին քաղաքականություն, որի  ամենագլխավոր նպատակը աջակցելն է բազմաբևեռ աշխարհին, որտեղ այլևս չի գերակայելու ԱՄՆ-ը: Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը դաշինքի հիմքը համարում են ամուր տնտեսական կապերը»։

 

Պիտակ