Հայտնի է` ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
(last modified Thu, 24 Oct 2024 14:56:21 GMT )
Հոկտեմբեր 24, 2024 18:26 Asia/Tehran
  • Հայտնի է` ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այսօր հանդիպել են Կազանում ԲՐԻԿՍ–ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակում։

Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր, այդ թվում` խաղաղության պայմանագիրը, սահմանազատումն ու սահմանագծումը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվում է Կազանում հոկտեմբերի 22-24-ը:

ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է ընդգրկվել կառույցում:

2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին են միացել նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։