Իրանը և Հնդկաստանը կարևորել են հարաբերությունների զարգացումը/ Պատժամիջոցները խոչընդոտում են երկկողմ առևտրին
(last modified Fri, 09 May 2025 06:26:14 GMT )
Մայիս 09, 2025 09:56 Asia/Tehran
  •  Իրանը և Հնդկաստանը կարևորել են հարաբերությունների զարգացումը/ Պատժամիջոցները խոչընդոտում են երկկողմ առևտրին

Իրանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 75-ամյակի նախօրեին կայացած Համատեղ տնտեսական հանձնաժողովի 20-րդ նիստի մասնակիցներն ընդգծել են մարտահրավերների առկայությամբ հանդերձ, համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Իրանի արտաքին գործերի նախարար սեյեդ Աբբաս Արաղչին, գլխավորելով դիվանագիտական պատվիրակություն, մեկնել է Նյու Դելի՝ Հնդկաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելու և երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին վերաբերվող հարցեր քննարկելու նպատակով։

Պատժամիջոցները խոչընդոտում են տնտեսական հարաբերություններին

Իրան-Նյու Դելի համատեղ հանձնաժողովի 20-րդ նիստում, անդրադառնալով երկու երկրների միջև պատմական հարաբերություններին, Աբբաս Արաղչին ասել է. «Թեհրանի և Նյու Դելիի միջև հարաբերությունները միշտ հիմնված են եղել փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա, սակայն երկու երկրների միջև տնտեսական փոխանակումների մակարդակը չի ընդլայնվել Միացյալ Նահանգների դաժան պատժամիջոցների պատճառով»։

ԻԻՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Թեհրանի և Նյու Դելիի ջանքերի շնորհիվ, երկու երկրների տնտեսական խնդիրները մոտ ապագայում կլուծվեն։

 Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը նույնպես անդրադարձել է երկկողմ համագործակցության վերջին շրջանում գրանցված առաջընթացին և հայտնել Նյու Դելիի պատրաստակամությունն Իրանի հետ համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու համար։

Չաբահար․ Իրանի և Հնդկաստանի ընդհանուր առաջնահերթությունը

Աբբաս Արաղչին նշել է, որ Չաբահարի համագործակցության համաձայնագրի իրագործումն Իրանի և Հնդկաստանի գլխավոր առաջնահերթություններից մեկն է և կոչ արել օգտագործել  նավահանգստի հզորությունները։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի հետ զրույցում, Արաղչին ասել է. «Չաբահարը կարող է դառնալ ավելի լայն համագործակցության մոդել»։

 Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը նույնպես ընդգծել է այս նախագծի կարևորությունը և նշել, որ կողմերը ջանքեր են գործադրում՝ այն կյանքի կոչելու ուղղությամբ։

Իրանը մտահոգված է Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությամբ

Նիստի շրջանակներում, անդրադառնալով Հնդկաստանի և Պակիստանի միջև  արվածությանն, Արաղչին ընդգծել է Հարավային Ասիայում կայունության կարևորությունը։

Նա նշել է․ «Իրանը հույս ունի, որ երկու երկրների պաշտոնյաների հեռատեսության շնորհիվ լարվածությունը շուտով կնվազի»։

Սուբրամանյամ Ջայշանկարը նշել է, որ Քաշմիրում ահաբեկչական դիրքերի վրա Հնդկաստանի հարձակումները «համաչափ պատասխան» են, հավելելով․ «Հնդկաստանը նպատակ չունի սրել լարվածությունը, բայց վճռականորեն կարձագանքի ցանկացած հարձակման»։

 

Հանդիպում Հնդկաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Այցի շրջանակներում Արաղչին հանդիպել է նաև Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են  ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի շրջանակներում բազմակողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Արաղչին  և  Դրաուպադի Մուրմուն

Համագործակցության երկու փաստաթղթերի ստորագրում

Այցի ավարտին երկու երկրների ներկայացուցիչների միջև ստորագրվել են մաքսային և սննդի ու դեղագործական հիգիենայի ոլորտներում համագործակցության երկու փաստաթղթեր։ Այդ փաստաթղթերը կարող են կարևոր քայլ լինել Իրանի և Հնդկաստանի միջև առևտրային փոխանակումները հեշտացնելու և տեխնիկական համագործակցությունը բարելավելու գործում։

Հարաբերությունների ապագան․ Հնարավորություններ և մարտահրավերներ

Չնայած պատժամիջոցներին, Իրանն ու Հնդկաստանն էներգետիկայի, տարանցման և բժշկության ոլորտներում համագործակցության մեծ ներուժ ունեն։ Չաբահարի համաձայնագիրը և տարբեր կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը կարող են հիմք հանդիսանալ երկու երկրների միջև հարաբերությունների վերափոխման համար։ Սակայն, պատժամիջոցների հարցի լուծումը և տարածաշրջանային լարվածության նվազեցումը կլինեն այս նպատակներին հասնելու հիմնական գործոնները։