Սպահանի հայերը մեծարել են նահատակ Ռաիսիի հիշատակը
Իրանի հանգուցյալ նախագահ այաթոլլահ Էբրահիմ Ռաիսիի և նրա ուղեկիցների նահատակության առաջին տարելիցին ընդառաջ՝ Սպահանի Սուրբ Նիկողայոս եկեղեցում տեղի է ունեցել հիշատակի արարողություն՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդի ներկայությամբ։
ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հղում անելով Սպահանի Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի հասարակայնության հետ կապերի վարչությանը, հաղորդել է,որ այս արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել եկեղեցում կրոնական արարողության հետ միաժամանակ, Սպահանի հայոց թեմի առաջնորդը, անդրադառնալով միաստվածական կրոնների մշակույթում զոհաբերության բարձր դիրքին, բարձր է գնահատել նահատակ Ռաիսիի և նրա ուղեկիցների բարոյական կերպարը և նշել. «Մարդկանց ծառայելու և պարտքը կատարելու ճանապարհին զոհվելը անձնուրացության ամենաբարձր մակարդակն է»։

Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան արք. Քեչեճյանը հավատացյալներին հրավիրեց աղոթել երկրի նահատակների և մասնավորապես՝ ժողովրդին ծառայելու ճանապարհին նահատակվածների հոգու խաղաղության համար,և ընդգծեց այս նահատակների ուղու շարունակականությունը՝ ի փառս Իրանի։
Այս արարողությանը ներկա էին Սպահանի հայոց թեմի թեմական խորհրդի մի խումբ անդամներ, հոգևորականներ, դպրոցականներ և համայնքի անդամներ։
Իրանի Իսլամական Հանրապետության ութերորդ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին Քիզ Քալասիի նոր ամբարտակի բացման արարողությունից վերադարձի ժամանակ նահատակվել է 2024 թվականի մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ատրպատական նահանգի Վարզաղանի շրջանում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետևանքով։ Նահատակվեցին նաև Ռաիսիի բոլոր ուղեկիցները։
Նախագահին տեղափոխող ուղղաթիռի մյուս ուղևորների թվում էին Արևելյան Ատրպատականում Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ և Թավրիզի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդ Այաթոլլահ ալ-Հաշեմը, արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթին, նախագահի պաշտպանության ստորաբաժանման հրամանատար՝ բրիգադային գեներալ Սեյեդ Մեհդի Մուսավին, մի շարք թիկնապահներ և ուղղաթիռի անձնակազմի անդամներ։