Իրանը գործարկել է առաջին օդային տաքսին
(last modified Sat, 24 May 2025 11:01:19 GMT )
Մայիս 24, 2025 14:31 Asia/Tehran
  • Իրանը գործարկել է առաջին օդային տաքսին

Իրանն այսօր պաշտոնապես գործարկել է առաջին օդային տաքսին՝ բացելով ազգային ավիացիայի զարգացման նոր էջ: Այս մասին հայտնում է իրանական IRNA–ն:

Նշվում է, որ հանդիսավոր արարողության ընթացքում ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդես է եկել տեսաուղերձով:
Օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ սկիզբ դնելով կանոնավոր փոխադրումներին։
Հատուկ տնտեսական գոտու և միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրեն Փայամ Մոհսեն Հասանլուն ընդգծել է այդ իրադարձության կարևորությունը երկրի ավիացիոն ոլորտի համար:
«Օդային տաքսու գործարկելը կարևոր ձեռքբերում է, որը մեծ հեռանկարներ է խոստանում»,– հայտարարել է նա:
Հասանլուի խոսքով՝ տրանսպորտի նոր տեսակը կնպաստի Փայամի հատուկ տնտեսական գոտում նոր ներդրումների ներգրավմանը, ազգային տնտեսության խթանմանը և Ալբորզ նահանգի զարգացմանը:
Այս ծառայությունը թույլ կտա հանրությանն օգտվել ավիափոխադրումներից, իսկ ներդրողներին նոր հնարավորություններ կընձեռի։
«Օդային տաքսիների ներդրումը առանցքային դեր կխաղա քիչ բեռնված օդային երթուղիների աշխուժացման գործում»,– նշել է Հասանլուն: