Չամուսնացավ, զավակ չունեցավ, բայց այս հայուհուն անվանում են՝ «Իրանի ժամանակակից աստղագիտության մայր»
https://parstoday.ir/hy/news/iran-i239026-Չամուսնացավ_զավակ_չունեցավ_բայց_այս_հայուհուն_անվանում_են_Իրանի_ժամանակակից_աստղագիտության_մայր
Աստղագիտության ոլորտում կանանց շատ անուններ հայտնի չեն, բայց այստեղ էլ են հայուհիները տարբերվել։ Ալենուշ Տերյան, ով Իրանի աստղագիտության պատմության մեջ արևային առաջին աստղադիտարանի հիմնադիրներից մեկը դարձավ։
(last modified 2025-11-23T15:26:47+00:00 )
Նոյեմբեր 09, 2025 16:58 Asia/Tehran
  •  Չամուսնացավ, զավակ չունեցավ, բայց այս հայուհուն   անվանում են՝ «Իրանի ժամանակակից աստղագիտության մայր»

Աստղագիտության ոլորտում կանանց շատ անուններ հայտնի չեն, բայց այստեղ էլ են հայուհիները տարբերվել։ Ալենուշ Տերյան, ով Իրանի աստղագիտության պատմության մեջ արևային առաջին աստղադիտարանի հիմնադիրներից մեկը դարձավ։

Մինչ Հայաստանում Ալենուշ Տերյան անուն-ազգանունը քչերին է հայտնի,  բայց  Իրանում, մի քանի տարի առաջ նրա ծննդյան օրը պետական մակարդակով նշվեց: Նա համարվում է Իրանում  առաջին աստղադիտարանի հիմնադիրներից մեկն ու ֆիզիկայի առաջին կին-պրոֆեսորը, որը հայտնի է որպես «Իրանի ժամանակակից աստղագիտության մայր»:

Ալենուշ Տերյան

Ալենուշ Տերյանը ծնվել է 1920 թվականի նոյեմբերի 9-ին Թեհրանում, հայ մտավորականների ընտանիքում: Մայրը սովորել Շվեյցարիայում և եղել է ֆրանսերենի ուսուցչուհի, իսկ հայրը Նոր Ջուղայից էր՝ գրող, թարգմանիչ:

Ալենուշի սերն ու ընդունակությունները ճշգրիտ գիտությունների հանդեպ դրսևորվել են դեռ մանկուց։ 1947 թվականին նա ավարտել է ուսումը Թեհրանի համալսարանի գիտության ֆակուլտետում ու աշխատանքի անցել ֆիզիկայի լաբորատորիայում: Ընդամենը մեկ տարի անց նա արդեն լաբորատորիայի ղեկավարն է դարձել:

Ֆիզիկան Ալենուշի մեծ սերն էր, նա ցանկանում էր շարունակել կրթությունը, հնարավորություն ստանալ ավելին բացահայտելու։ Նրա մեծ երազանքն էր սովորել Եվրոպայում:

Տերյանը հոր ֆինանսական աջակցությամբ հասնում է իր մեծ երազանքին, մեկնում Փարիզ և շարունակում կրթությունը Սորբոնի հեղինակավոր համալսարանի Մթնոլորտային ֆիզիկայի ֆակուլտետում:   1956 թվականին ստանում է ասպիրանտի աստիճան և սկսում դասախոսել Սորբոնում: Եվրոպայում երկար չի մնում, որովհետև գիտեր՝ իր ստացած գիտելիքները պետք են ծննդավայրին, այնտեղ ինքը դեռ շատ անելիք ունի: Շուտով վերադառնում է Իրան և Թեհրանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում սկսում դասավանդել թերմոդինամիկա: Շուտով, Ալենուշ Տերյանի առջև ճակատագիրն ու գիտությունը նոր հնարավորությունների դռներ են բացում։

Նրան հաջողվում է կրթաթոշակ շահել և մեկնել Գերմանիա: Արևային ֆիզիկայի աստղադիտարանում 4 ամիս սովորելուց հետո վերադառնում է Իրան և 1964 թվականի մայիսի 30-ին արժանանում պրոֆեսորի կոչման՝ դառնալով Իրանի առաջին կին պրոֆեսորը ֆիզիկայի բնագավառում:

Երկու տարի անց նա ընտրվում է Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի կոմիտեի անդամ, հետո նշանակվում Երկրաֆիզիկայի հիմնարկի արևային ֆիզիկայի հետազոտությունների խմբի նախագահ, ապա սկսում աշխատել արևային ֆիզիկայի աստղադիտարանում, որի հիմնադրման գործում մեծ դերակատարում հենց ինքն էր ունեցել:

«Դստերս անունն Արեգակ է, իսկ որդունս՝ Լուսին»,- ասում են` այս խոսքերը հաճախ էր հնչեցնում Ալենուշ Տերյանը: Նա երբեք չի ամուսնացել և սեփական ընտանիք չի ունեցել, փոխարենը շատ է սիրել իր ուսանողներին։ Նրա մեծ սերը գիտությունն էր, իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել էր հետազոտությունների և դասավանդման վրա։

Տերյանն իր կյանքի ընթացքում բազմաթիվ պարգևների է արժանացել. Իրանի հեռուստատեսությամբ հեռարձակվող «Իմաստուններ» ծրագրի կողմից ճանաչվել է գիտության ոլորտի մնայուն դեմք։ 2003 թվականին նրա կյանքի մասին «Դեպի արև» վերնագրով վավերագրական ֆիլմ է նկարահանվել, իսկ 2006 թվականին Իրանի նախագահի կողմից հատուկ շքանշանի է արժանացել։

Ալենուշ Տերյանը թոշակի է անցել 1979 թվականին։ Կյանքի վերջին տարիներին նա ծերանոցում էր ապրում: Հենց այնտեղ են անկողնում գամված պրոֆեսորին արժանացրել կյանքի վերջին պարգևին՝ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակին։

Մահացել է 2011թ. մարտի 4-ին Թեհրանի Թոհիդ ծերանոցում։ Կտակի համաձայն` մահից հետո նրա բնակարանը նվիրվել է Ջուղայի հայ համայնքին, որպեսզի այն ծառայի իբրև հանրակացարան` բնակվելու տեղ չունեցող ուսանողների համար: