Մեծ ստի կրկնություն են. Իրանի ԱԳՆ–ն` ԱՄՆ–ի իշխանությունների հայտարարությունների մասին
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային կտրականապես հերքել է ԱՄՆ իշխանությունների վերջին հայտարարությունները՝ որակելով դրանք որպես «մեծ ստի» կրկնություն: Նա անդրադարձել է իրանական հրթիռների, միջուկային ծրագրի և հունվարյան անկարգությունների զոհերի վերաբերյալ ամերիկյան կողմի պնդումներին:
Բաղային իր X-ի միկրոբլոգում գրել է, որ Վաշինգտոնի բոլոր հայտարարություններն այս թեմաներով չեն համապատասխանում իրականությանը: Սա արձագանք էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախորդ օրվա հայտարարությանը, թե Իրանը դեռ չի երաշխավորել, որ երբեք միջուկային զենք չի մշակելու:
Թրամփը նաև պնդել էր, թե Իրանն արդեն ի վիճակի է Եվրոպա հասնող հրթիռներ արտադրել և աշխատում է ԱՄՆ-ին սպառնացող հեռահարության հրթիռների վրա: Իրանական կողմը բազմիցս հայտարարել է, որ իր հրթիռային ծրագիրը զուտ պաշտպանական բնույթ է կրում և չի հակասում միջազգային իրավունքին: