Ղարիբաբադի․ Կասպից ծովի անվտանգությունը պետք է ապահովեն մերձափնյա պետությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i248820-Ղարիբաբադի_Կասպից_ծովի_անվտանգությունը_պետք_է_ապահովեն_մերձափնյա_պետությունները
Իրանի արտաքին գործերի նախարարի՝ իրավական և միջազգային հարցերով տեղակալն ընդգծել է, որ Կասպից ծովի անվտանգությունը, կայունությունը և ապագան պետք է որոշեն և ապահովեն մերձափնյա պետությունները՝ առանց տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի միջամտության։
(last modified 2026-08-11T13:55:20+00:00 )
Օգոստոս 11, 2026 17:24 Asia/Tehran
  • Ղարիբաբադի․ Կասպից ծովի անվտանգությունը պետք է ապահովեն մերձափնյա պետությունները

Իրանի արտաքին գործերի նախարարի՝ իրավական և միջազգային հարցերով տեղակալն ընդգծել է, որ Կասպից ծովի անվտանգությունը, կայունությունը և ապագան պետք է որոշեն և ապահովեն մերձափնյա պետությունները՝ առանց տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի միջամտության։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով Mehr լրատվական գործակալությունը, Կասպից ծովի ազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Կասպից ծովի անվտանգությունը, նախևառաջ, տարածաշրջանային և ներքին պատասխանատվության խնդիր է, որը պետք է պահպանվի մերձափնյա հինգ պետությունների կողմից համաձայնեցված մեխանիզմների միջոցով։

Կարևորելով Կասպից ծովի պատմական և ռազմավարական նշանակությունը՝ նա հավելել է, որ ջրային այս ավազանը պարզապես աշխարհագրական տարածք չէ, այլ շրջակա ազգերի ինքնության, հարաբերությունների և տարածաշրջանային կապերի անբաժանելի մասը, ինչպես նաև զգալի տեղ է զբաղեցնում մերձափնյա պետությունների ռազմավարական հաշվարկներում։

Շեշտելով Կասպից ծովում ոչ մերձափնյա պետությունների ռազմական ներկայության արգելքը՝ Ղարիբաբադին հայտարարեց, որ ծովը չպետք է դառնա մրցակցության կամ տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի ներկայության ասպարեզ։

Իրանի ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ թեև հինգ մերձափնյա պետությունները կարող են տարբերվող տեսակետներ և առաջնահերթություններ ունենալ որոշակի հարցերի շուրջ, Կասպից ծովը, այնուամենայնիվ, երկխոսության և համագործակցության զգալի ներուժ է պարունակում։

Նա ընդգծեց, որ մերձափնյա պետությունները պետք է ինքնուրույն որոշեն Կասպից ծովի անվտանգությունը, կայունությունն ու ապագան և, համագործակցությունն ամրապնդելու միջոցով, ծովը վերածեն տարածաշրջանի երկրների կողմից հաստատված տարածաշրջանային անվտանգության համակարգի օրինակի։