Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար․ Մենք թշնամու վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ ենք ձեռք բերել
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարի պաշտոնակատարն ասել է․ «Մենք ունենք արժեքավոր և ճշգրիտ տեղեկություններ ու վերլուծություններ այն տեխնոլոգիական կարողությունների վերաբերյալ, որոնք այս պատերազմում օգնել են թշնամուն»։
Հղում անելով IRIB-ին, Pars Today-ը հաղորդում է, որ բրիգադի գեներալ Իբն Ալ-Ռեզան չորեքշաբթի երեկոյան Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հաթամիի և մի շարք բարձրաստիճան հրամանատարների հետ հանդիպման ժամանակ Իրանի զինված ուժերի, այդ թվում՝ բանակի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և իրավապահ ուժերի անձնազոհությունն Իրանի պաշտպանության պատմության ոսկե էջ է համարել և ասել․ «Այս պաշտպանությունն ու դիմադրությունը հավերժ կմնան պատմության մեջ»։
Անդրադառնալով վերջին պարտադրված պատերազմի արդյունաբերական և տեխնոլոգիական գործընթացներին՝ գեներալ Իբն Ալ-Ռեզան ասել է․ «Մարտի դաշտի ուսումնասիրություններն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ թշնամին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողություններում օգտագործել է ամենաբարձր մակարդակի տեխնոլոգիա և այս պատերազմը տեխնոլոգիական տեսանկյունից կարևոր ձեռքբերումներ ու դասեր է բերել Իրանին»։
Գեներալ Իբն Ալ-Ռեզան, ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, հենվելով տեղական պաշտպանական արդյունաբերության, գիտնականների, առաջատար մասնագետների, երիտասարդ ինժեներների և ներքին կարողությունների վրա, դիմակայել է այս մակարդակի տեխնոլոգիային, ասել է․ «Այս պատերազմը ցույց տվեց, որ նույնիսկ լայնածավալ պատժամիջոցների և ճնշումների պայմաններում կարելի է, հենվելով ներքին կարողության և տեղական հնարավորությունների վրա, դիմակայել ամենաառաջադեմ տեխնոլոգիաներին և հաղթել»։