Ռոհանին կարևորել է Իրանի ու Ինդոնեզիայի հարաբերությունների ընդլայնումը
ԻԻՀ նախագահը կարևորել է Իրանի ու Ինդոնեզիայի հարաբերությունների և համագործակցությունների ընդլայնումը: Նա ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարի և մուսուլմանական աշխարհի խնդիրների կարգավորման ուղղությամբ երկու երկրի համախոհության ու համագործակցության անհրաժեշտությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երեքշաբթի երեկոյան, , Ինդոնեզիայի ժողովրդական խորհրդակցական խորհրդի նախագահ Զոլքիֆլի Հասանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին ասել է. «Իրանն ու Ինդոնեզիան տնտեսական տարբեր բնագավառներում հարաբերությունների ընդլայնման մեծ հնարավորություններ ունեն: Այդ հնարավորություններից պետք է օգտվել տարբեր բնագավառներում, այդ թվում նավթի ու գազի և տեխնիկական ու ինժիներական ծառայությունների ոլորտում երկու երկրի ընկերությունների միջև համագործակցության ու համատեղ աշխատանքի ընդլայնման նպատակով»:
Հասան Ռոհանին նշել է, որ բանկային հարաբերությունների ընդլայնումը կնպաստի Իրանի ու Ինդոնեզիայի տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Նա հույս է հայտնել, որ երկու երկրի պատասխանատուների ջանքերով մոտ ապագայում երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը կհասնի միջպետական հանձնաժողովի նախանշած երկու միլիարդ դոլարին:
Ինդոնեզիայի ժողովրդական խորհրդակցական խորհրդի նախագահ Զոլքիֆլի Հասանն այս հանդիպման ժամանակ ընդգծելով Թեհրան-Ջակարտա համակողմանի հարաբերությունների ընդլայնումն, ասել է, որ որպես իսլամական երկու խոշոր երկրներ Իրանն ու Ինդոնեզիան կարող են տարբեր բնագավառներում լավ համագործակցություններ ծավալել և առևտրական ու տնտեսական հարաբերությունների մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանք տանել:
«Իրանն ու Ինդոնեզիան կարող են կարևոր դերակատարություն ունենալ ճշմարիտ Իսլամը աշխարհին ներկայացնելու հարցում»,-հավելել է Զոլքիֆլի Հասանը: