Սիրիայի հարցով Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի եռակողմ հաղորդագրությունը
ԻԻՀ, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի օրը Մոսկվայում մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարել են. «Երեք երկրները հավատացած են, որ Սիրիայում հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք ընդգծում ենք ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2254 բանաձևի համաձայն այս ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերի կապակցությամբ ՄԱԿ-ի դերակատարության անհրաժեշտությունը»:
Համաձայն Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, հաղորդագրության մեջ ասված է. «Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան ողջունում են Սիրիայի Հալեպի արևելքում համատեղ ջանքերը, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության տարհանմանն ու զինված ընդդիմության կազմակերպված հեռացմանը: Մենք պարտավորություն ենք ստանձնում, որպեսզի այս գործընթացն առանց դադարի ու ապահով կերպով ավարտին հասնի»:
«Թեհրանը, Մոսկվան ու Անկարան համամիտ են հրադադարի երկարաձգման, հումանիտար օժանդակություններին անարգելք հասանելիությանը և երկրի տարածքում խաղաղ բնակչության ազատ տեղաշարժի նշանակության շուրջ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ երեք երկրներն իրենց պատրաստակամությունն են հայտնել երաշխավորելու ապագայում Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև բանակցությունների արդյունքում ստորագրվող համաձայնագրի գործադրումը և ընդգծում են ԻԼԻՊ-ի ու «Ջեբհաթ-ալ-Նուսրա»-ի դեմ ընդհանուր պայքար մղելու և նրանց զինված ընդդիմադիր խմբերից առանձնացնելու կապակցությամբ իրենց վճռակամությունը:
Զարիֆը, Լավրովն ու Չավուշօղլուն մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել են հատկապես Սիրիայում ահաբեկչական խմբերին արևմտյան ու տարածաշրջանի որոշ երկրների օժանդակություններին շտապ վերջ տրվելու անհրաժեշտությունը:
«Համաձայն ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի , աշխարհի բոլոր երկրները պետք է հմիավորվեն ահաբեկչությունն արմատախիլ անելու նպատակով»,-ընդգծել է Լավրովը:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆը մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է. «Ահաբեկչությունը չպիտի նույնիսկ քաղաքական կարճաժամկետ նպատակների իրագործման միջոց ծառայի, քանի որ այն լուրջ սպառնալիք է , որի դեմ մենք բոլորս պիտի պայքարենք»:
«Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման և այդ երկրում համընդհանուր հրադադար հաստատելու ուղղությամբ ջանքերը շարունակվելու են»,-մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է Չավուշօղլուն: