Սիրիայի վարչապետը ժամանել է Թեհրան
Սիրիայի վարչապետն Իրանի պաշտոնատարների հետ բանակցության, տնտեսական ու քաղաքական բնագավառներում երկու կողմերի ստորագրած համաձայնագրերի քննարկման և ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությունների ընդլայնման նպատակով երկուշաբթի գիշեր ժամանել է Թեհրան:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, այս ուղևորության ընթացքում Սիրիայի վարչապետ Էմադ Խամիսին ընկերակցում են Սիրիայի էկոնոմիկայի, արդյունաբերության, արտաքին առևտրի, նավթի ու հանքային պաշարների և կապի ու տեխնոլոգիայի նախարարներն ու Կենտրոնական բանկի տնօրենը:
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարությունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Սիրիայի վարչապետ Էմադ Խամիսի Թեհրան կատարած ուղևորությունը հաջորդում է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի անցած շաբաթ Սիրիա կատարած ուղևորությանն ու այդ երկրի բարձրաստիճան պաշտոնատարների հետ հանդիպմանը:
Տնտեսական, քաղաքական ու ապահովական ոլորտներում համաձայնությունների հետապնդումը և հատկապես ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպի ազատագրումից հետո Սիրիայում վերջին նվաճումների պաշտպանության ու ընդլայնման ուղիների քննարկումը Թեհրանում Էմադ Խամիսի և Ալի Շամխանիի խորհրդակցության առանցքներից են լինելու:
Կողմերը նաև մտքերի փոխանակում են կատարելու քաղաքական գործընթացների համատեղ հետապնդման, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների մակարդակը բարձրացնելու և դա ռազմավարական ու ենթակառույցային այլ ոլորտներում տարածելու շուրջ: