Ղասեմի. Անմեղ մարդկանց արյունը հեղելը Սիրիայում ահաբեկիչների վերջին հնարքն է
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտելով Սիրիայի մայրաքաղաք՝ Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունն, ասել է. «Անմեղ մարդկանց արյունը հեղելը Սիրիայում ահաբեկիչների վերջին հնարքն է»:
Շաբաթ օրը Սիրիայի մայրաքաղաք՝ Դամասկոսի «Մաղբարա Ալ-Բաբ Ալ-Սաղիր»-ի տարածքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների հետևանքով զոհվեցին ավելի քան 59 իրաքցի ուխտավորներ և 120 ուրիշներ վիրավորվեցին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ցավակցելով Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին, նաև այս ոճրագործության սիրիացի ու արտասահմանցի զոհերի հարազատներին, հայտարարել է. «Կույր ահաբեկչությունը, կոտորածն ու անմեղ մարդկանց, այդ թվում կանանց ու երեխաների արյունը հեղելը, վերջին հնարքն է այն ահաբեկիչների, որոնք տարբեր բնագավառներում կրած իրարահաջորդ ու խայտառակ պարտություններից հետո իրենց խելքը կորցրել են»:
«Ահաբեկիչները և նրանց առերես ու գաղտնի հովանավորները գիտակցում են, որ ռազմական ճակատում առավել պարտությունների և լիարժեք ոչնչացման սեմին են գտնվում, հետևաբար նման մարդկային ոճիրներ գործելով փորձում են խափանել խաղաղության ու երկխոսության գործընթացը, հրադադարի շարունակվելն ու Սիրիայում կայունության իրագործումը»,-հավելել է Ղասեմին: