Ղասեմի.«Սանաայում Իրանի դեսպանատանը հրդեհ չի բռնկվել»
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին հերքել է Եմենի մայրաքաղաք Սանաայում Իրանի դեսպանատան տարածքում հրդեհի բռնկման մասին ապատեղեկատվությունը: «Եմենում իրանցի դիվանագետներ չկան», ասել է նա:
Ավելի վաղ «Sky News» հեռուստաընկերությունը հղում անելով տեղական աղբյուրներին հաղորդել էր, որ Եմենի մայրաքաղաքում Իրանի իսլամական հանրապետության դեսպանատանը հրդեհ է բռնկվել: Նույն հեռուստաընկերությունը նաև հայտարարել էր. «Հրդեհը տեղի է ունեցել Սանաայում ընթացող բախումների հետևանքով»:
Ֆարս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Իրանի արտաքին գերատեսչության խոսնակը հերքելով Սանաայում Իրանի դեսպանատան տարածքում հրդեհի բռնկման մասին ապատեղեկատվությունը հավելել է.«Մինչ այժմ Իրանի իշխանություններին ոչ մի զեկույց չի ներկայացվել Եմենում Իրանի դեսպանության տարածքում հրդեհի բռնկման մասին»:
Վերջին օրերի ընթացքում Եմենի մայրաքաղաք Սանաայում բախումներ են ընթանում Եմենի նախկին նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհին հարող զինված խմբերի և բանակային ուժերի ու «Անսար Ալլահ» շարժմանը հարող ժողովրդական կոմիտեների միջև: