Եթե եվրոպացիները ժամավաճառությամբ զբաղվեն, Իրանը չի շարունակի բանակցությունները
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է.«Եթե զգացինք, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերաբերյալ եվրոպացիների հետ բանակցությունները զուր են անցնում կամ վերջիններս ժամավաճառությամբ են զբաղվում, մենք չենք շարունակի բանակցությունները»:
Կիրակի օրը Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովին մասնակցելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում Աբբաս Էրաղչին ՀԳՀԾ-ի մյուս անդամների հետ բանակցության մասին ասել է. «Իրանը եվրոպական երկրներին կոչ է արել առանց ԱՄՆ-ի ներկայության ձեռնամուխ լինել միջուկային համաձայնագրով Իրանի պահանջների բավարարմանը, և համապատասխան երաշխիքներով Իրանին ներկայացնել իրենց առաջարկները, մեխանիզմներն ու գործնական լուծումները, որպեսզի Թեհրանը կարողանա որոշում կայացնել»:
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը հստակեցրել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը դեռ որոշում չի կայացրել ՀԳՀԾ-ում մնալու կամ դրանից դուրս գալու վերաբերյալ և այս բնագավառում որոշումը կախված է առաջիկա շաբաթներում ՀԳՀԾ-ում ներկա անդամների հետ անցկացվելիք բանակցություններից»:
Էրաղչին հավելել է. «Իրանը շարունակելու է բանակցել այնքան ժամանակ, քանի դեռ զգում է, որ բանակցություններն ընթանում են բնականոն հունով»: