Իրանի եռյակ իշխանությունների ղեկավարները քննարկել են ԱՄՆ-ի սպառնալիքներին դիմակայելու սցենարները
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի գլխավորությամբ և եռյակ իշխանությունների ղեկավարների ներկայությամբ շաբաթ օրը կայացել է տնտեսական հարցերի համակարգման գերագույն խորհրդի երրորդ նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են Իրանի տնտեսության դեմ ԱՄՆ-ի քայլերին դիմակայելու սցենարները: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Նիստի ընթացքում նպատակահարմար միջոցներ են նախատեսվել ԱՄՆ-ի ցանկացած հավանական շրջափակմանը դիմակայելու և ժողովրդի ապրուստի, երկրի արտադրության և կառավարության բյուջեի վրա դրա բացասական ազդեցությունը կանխելու համար:
Նիստի արդյունքում որոշում ընդունվեց անհրաժեշտ քայլեր ձեռնարկել երկրի իրավական դաշտում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, միջազգային բանկերի հետ համագործակցության ընդլայնման և այս ոլորտում ԱՄՆ-ի խափանարարություններին դիմակայելու համար:
Նիստի ընթացքում նաև քննարկվել են Իրանի բյուջեի ծրագրի կազմակերպության ներկայացրած առաջարկները՝ երկրի կարիք ունեցած բենզինի արտադրության ու սպառման հարցում անհապաղ ինքաբավության հասնելու և էներգակիրների ու ժողովրդի կարիքների ապահովման ոլորտում խոցելիությունը կանխելու համար: