ԱՄՆ Կոնգրեսը փորձում է օգնել Լեռնային Ղարաբաղի հայերին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119966-ԱՄՆ_Կոնգրեսը_փորձում_է_օգնել_Լեռնային_Ղարաբաղի_հայերին
Մի շարք ամերիկացի սենատորներ Հարավային Կովկասի երկրների գործերին բացահայտ միջամտությամբ, կոչ են արել ավելի շատ օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2020 14:16 Asia/Tehran
  • ԱՄՆ Կոնգրեսը փորձում է օգնել Լեռնային Ղարաբաղի հայերին

Մի շարք ամերիկացի սենատորներ Հարավային Կովկասի երկրների գործերին բացահայտ միջամտությամբ, կոչ են արել ավելի շատ օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությանը:

30 ամերիկացի սենատոր Օսմանյան կայսրության կողմից  Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ (24 ապրիլի) մի նամակ հղելով Սենատի բյուջեի հանձնաժողովին ընդգծել են Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությանը «մարդասիրական աշխատանքի» համար ավելի շատ բյուջե հատկացնելու անհրաժեշտությունը:

Ամերիկացի 30 սենատորների նամակը հղվել է այն պայմաններում, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 75 անդամներ ավելի վաղ կոչ էին արել անվերադարձ ֆինանսական օգնություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության պաշտոնյաներին: Հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ-ի  Մինսկի խմբի համանախագահ է, ակնհայտ է, որ Վաշինգտոնի կառավարության պաշտոնատար անձանց գործողությունները կարող են բացասական արձագանքի արժանանալ Ադրբեջանի Հանրապետության կողմից: Հատկապես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով վերջերս ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ սենատորների գործողությունների մասին հետաքրքրականն այն է, որ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները շարունակում են Միացյալ Նահանգները տեսնել որպես Ադրբեջանի ռազմավարական դաշնակից: 

Ավելի վաղ՝ 2018-ի ապրիլին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձում ասել էր. «Առաջիկա ամիսներին մենք կտեսնենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, որը ճանապարհ կհարթի Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ավելի լավ համագործակցության համար»:

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԱՄՆ-ի այս հակասական դիրքորոշումները ցույց են տալիս, որ Վաշինգտոնը, որպես Մինսկի խմբի առանցքային անդամ, չի ցանկանում լուծել այս հակամարտությունը և կայունություն հաստատել տարածաշրջանում:

Նախկին Խորհրդային Միության հարցերով  ԱՄՆ պետքարտուղարի նախկին խորհրդական և ԿՀՎ ներկայիս վերլուծաբան Փոլ Գոբլը Ադրբեջանի «Ախար» կայքին տված հարցազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Կովկասում կշարունակվի երկար ժամանակ, քանի որ որոշ կողմեր փորձում են շահագործել այս հակամարտությունը, և այդ պատճառով մեծամասնությունը ցանկություն չունեն լուրջ քայլեր ձեռնարկել այս հակամարտության լուծման համար և փաստորեն չեն կարող ակյն լուծել:

Հայտնի ամերիկացի վերլուծաբանի կարծիքով, Մինսկի խումբը մտադրություն չունի ներկա գործընթացով լուծել ղարաբաղյան հակամարտությունը:

Վերանայելով այս փաստերը և Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության ներկայիս պաշտոնյաների սպառնալից դիրքորոշումները, կարելի է եզրակացնել, որ այս հակամարտությունը շարունակում է մնալ  չլուծված: