ԱՄՆ-ի դերը Իրաքում ԻԼԻՊ-ի սպառնալիքի վերականգնման հարցում
(last modified Sun, 03 May 2020 13:44:29 GMT )
Մայիս 03, 2020 18:14 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի դերը Իրաքում ԻԼԻՊ-ի սպառնալիքի վերականգնման հարցում

Առնվազն 10 մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել՝ շաբաթ առավոտյան Իրաքի անվտանգության ուժերի և ԻԼԻՊ-ի ահաբեկիչների միջև Սալահեդդին նահանգի Սամարա շրջանում տեղի ունեցած բախումների արդյունքում:

Բախումների ընթացքում վիրավորվել և սպանվել են նաև մի խումբ ահաբեկիչներ:

Հարձակումից հետո, Իրաքի անվտանգության ուժերը լայնածավալ անվտանգության գործողություն են սկսել՝ տարածաշրջանում ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին հետապնդելու  և ոչնչացնելու նպատակով:

Այսօր նույնպես,  ԻԼԻՊ-ի ահաբեկիչները հարձակվել են Դիալե քաղաքի ոստիկանական անցակետի վրա, ինչի հետևանքով վիրավորվել և զոհվել են անվտանգության մի խումբ աշխատակիցներ:

Իրաքում ԻԼԻՊ-ի վերակազմավորման կապակցությամբ կարելի է  անդրադառնալ մի քանի կետերի:

Առաջին հերթին, պետք է նշել, որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչներն իրենց գրոծողությունների վերսկսման համար ընտրել են Դիալեյի ու Սալահեդդինի միջև գտնվող մի ավերակ գյուղ: Գյուղում բնակիչ չկա և անվտանգության ուժերն ուշադրություն չեն դարձրել գյուղի վրա: Հենց այդ պատճառով, ԻԼԻՊ-ը հնարավորություն է ունեցել գործողություններ  իրականցնել այդ տարածքում:

Հաշդ ալ Շաբի խմբավորման հրամանատարներից մեկը հայտարարել է, որ ավերակ գյուղը Դիալե նահանգի համար սպառնալիքի է վերածվել և դրան զուգահեռ, ԻԼԻՊ ահաբեկչական խումբն այդ վայրում նոր ուժեր է հավաքագրում:

Երկրորդ հերթին, Իրաքում ԻԼԻՊ-ի վերակազմավորումը զուգադիպել է ամերիկյան ուժերի վրա ճնշում գործադրելու հետ, որի նպատակն է այդ ուժերին հեռացնել Իրաքից:

Հունվարի 5-ին, ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի և Իրաքի Հաշդ ալ Շաբի ուժերի փոխրամանատար  Աբու Մեհդի ալ Մոհանդեսի սպանությունից երկու օր անց, Իրաքի խորհրդարանն ընդունեց ԱՄՆ-ի զորուժն այդ երկրից դուրս բերելու մասին օրինագիծը: Իրաքի ժողովուրդը և տարբեր խմբավորումներ, վերջին ամիսներին պնդում են, որ օրինագիծը պետք է գործադրվի: Շատ փորձագետներ համոզված են, որ ԻԼԻՊ-ի սպառնալիքի հարցը կրկին բարձրացվում է, որպեսզի իրաքցիներին փոխանցվի այն ուղերձը, որ եթե  ամերիկյան ուժերը հեռանան Իրաքից, ԻԼԻՊ-ը կվերսկսի իր գործողությունները: Այլ կերպ ասած, ԻԼԻՊ-ին աջակցելով, ամերիկացիները փորձում են ենթահող ստեղծել Իրաքում մնալու համար:

Իրաքի Բադր կուսակցության ղեկավարներից Մուհամմադ Մեհդի ալ Բայաթին ասել է. «Իրաքում ԻԼԻՊ-ի վերջին ահաբեկչական գործողություններն իրականացվում են ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի աջակցությամբ, որոնք ցանկանում են, որպեսզի ահաբեկիչները վերահաստատվեն Իրաքում»:

Իրաքի  Նոբաջա շարժման խոսնակ Նաս Շեմրին ասել է. «Ամեն անգամ, երբ խոսք է գնում Իրաքից ամերիկացի օկուպանտ ուժերի դուրս գալու մասին, ահաբեկիչներն ակտիվանում են»:

Ի վերջո, ԻԼԻՊ-ի ակտիվացումը կապված է նաև Իրաքում տիրող զգայուն իրավիճակի հետ: 2019թ դեկտեմբերից առ այսօր, Իրաքում չի ձևավորվել կառավարություն: Իսկ քաղաքական այս բացն ԻԼԻՊ-ին վերակազմավորվելու հնարավորություն է տալիս:

Միևնույն ժամանակ, ժամանակավոր կառավարության նախագահ Ադել Աբդուլմահդիի ղեկավարած կառավարության ջանքերն ուղղված են կորոնավիրուսի դեմ պայքարին: Իրաքի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Հասան Քարիմ Քաբին այս կապակցությամբ ասել է. «Իրաքի ահաբեկչական խմբերը ստեղծված քաղաքական ու հասարակական վիճակից լավագույնս օգտվել են և թիրախավորել որոշ շրջաններ»: