Մեկնաբանություն. Սահմանային մաքսակետերի բացումը կարևոր է Իրանի հետ առևտուրն ընդլայնելու համար
Բազարգանի սահմանը, որը Իրանի և Թուրքիայի միջև ամենամեծ մաքսային սահմանն է, վերաբացվել է կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով կիրառված սահմանափակումների պատճառով մոտ երեքուկես ամիս փակվելուց հետո, առողջապահական արձանագրությունների համաձայն:
Կորոնավիրուսի բռնկումից հետո շատ երկրներում փակվեցին կարևոր ցամաքային սահմանները: Բազարգանի անցակետով Իրանի և Թուրքիայի միջև ցամաքային առևտուրը դադարեցվեց փետրվարի 23-ին: Սակայն հիմա, երբ երկրների մեծ մասին հաջողվել է կառավարել վիրուսի տարածումը, առողջապահական արձանագրությունների պահպանմամբ, ցամաքային սահմանները հետզհետե վերաբացվում են:
Այս համատեքստում, Թուրքիայի առևտրի նախարարի հրամանով, հինգշաբթի օրը վերաբացվեց Բազարգանի սահմանային անցակետը, որը հանդիսանում է իրանական ապրանքների դեպի Թուրքիա և Եվրոպա ամենակարևոր դարպասը:
Թուրքիան Իրանի չորրորդ խոշոր առևտրային գործընկերն է: Նախագահներ Ռոհանին և Էրդողանը, երկու երկրների միջև առևտրի արժեքը գնահատել են տարեկան 30 միլիարդ դոլար: Այս նպատակին հասնելու համար, անհրաժեշտ են օրեցօր ընդլայնվող գործարար կապեր, ազգային արժույթի գործածությամբ իրականացվող գործարքներ և ավելի շատ խորհրդակցություններ, որոնք ուղղված կլինեն երկու երկրների միջև համագործակցություններում հնարավոր ֆինանսական և բանկային խոչընդոտները վերացնելուն:
Քանի որ Թուրքիան Իրանի կարևորագույն առևտրային գործընկերներից մեկն է, ԱՄՆ-ի միակողմանի և անօրինական պատժամիջոցների պայմաններում, հարևանների, այդ թվում ՝ Թուրքիայի հետ համագործակցության ընդլայնումը Իրանի արտաքին և տնտեսական քաղաքականության գերակայություններից է:
Պատժամիջոցների ընթացքում Թուրքիան չի դադարեցրել Իրանի հետ առևտուրը: Երկու երկրների միջև առևտրում դոլարի փոխարեն ազգային արժույթի կիրառման մասին համաձայնագիրը վկայում է որպես հարևան երկրներ՝ Իրանի և Թուրքիայի միջև տնտեսական և քաղաքական համագործակցության կարևորության մասին:
Հաշվի առնելով Իրանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության կարևորությունը, իրանցի և թուրք գործարարները ջանքեր են գործադրում՝ խթանելու կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում երկու երկրների առևտրային հարաբերությունները: Այս կապակցությամբ Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը հայտարարել է, որ Բազարգանի սահմանի և այլ սահմանների վերաբացման դեպքում, Թուրքիայի և Իրանի միջև առևտրի ծավալը զգալիորեն կաճի: