Մեկնաբանություն- Ադրբեջանի հետ պատերազմի ֆոնին Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի կուլիսներում
Հայաստանի ու Ադրբեջանի միջև արյունալի բախումների թոհուբոհում, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակը շաբաթ երեկոյան ժամանել է Երևան: Նրա այցի վերաբերյալ լուրջ հարցեր են առաջացել:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին տարօրինակ հայտարարություն է կատարել, ասելով. «Կոնգրեսի մեր պատվիրակության այցը Հայաստան հզոր խորհրդանիշն է Միացյալ Նահանգների հաստատակամ վճռականության՝ ունենալ խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավար Հայաստան և կայուն ու խաղաղ կովկասյան տարածաշրջան»: Մինչդեռ հայացք նետելով ոչ հեռավոր անցյալին նկատում ենք, որ Վաշինգտոնը մինչ այսօր զգալի աջակցություն չի ցուցաբերել Երևանին։
Թվում է, թե Նենսի Փելոսիի այցը Երևան մեծ նշանակություն ունի Միացյալ Նահանգների համեմատաբար ուժեղ հայ-ամերիկյան լոբբիի համար, որը կոչ է արել Վաշինգտոնին քաղաքականապես ավելի շատ կենտրոնանալ Ղարաբաղի վրա և, ինչպես նշվումէ հայկական լոբբին դերակատար է եղել այս այցի կազմակերպման գործում: ԱՄՆ-ի հայկական համագումարի հասարակայնության հետ կապերի գծով նախագահ Անտոնի Պարսամյանն այս մասին ասել է. «Հայաստանը չի արժանացել այն ուշադրությանը, ինչին արժանացել է Ուկրաինան: Նաև, մինչ Փելոսիի և նրան ուղեկցող պատվիրակության Երևան ժամանումը, Հայաստանի ԱԺ-ի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին հայտնել է, որ այս եռօրյա ուղևորությունը զգալի դեր կխաղա մեր անվտանգության ապահովման գործում»։
Ենթադրվում է նաև, որ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի անուշադրության ստվերում, ԱՄՆ-ը կօգտվի առիթից և Ադրբեջանի պարբերական հարձակումների դիմաց կհայտնվի Հայաստանին սատարողի դիմակով: Մինչև ուկրաինական պատերազմը Ռուսաստանը շատ չէր ներքաշվում այս հակամարտության մեջ, իսկ այժմ Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով հնարավորություն չունի լրջորեն միջամտել այս հարցին, և կարծես թե այդ ներկայության բացակայությունը հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին, մոտենալով Հայաստանին, Ռուսաստանի դեմ բազա ձեռք բերել Կովկասյան տարածաշրջանում, որտեղ միշտ եղել է Ռուսաստանի ազդեցության գոտին։ «ժողովրդավարական ու բարգավաճ Հայաստան ունենալու ԱՄՆ-ի վճռականության» կուլիսների հետևում այլ բան է թաքնված:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կիրակի օրը Հայաստան կատարած այցի ժամանակ դատապարտել է այս երկրի վրա ադրբեջանական ուժերի հարձակումները։ Իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Փելոսին ասել է, որ խստորեն դատապարտում է Բաքվի զորքերի «անօրինական» հարձակումները, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ։ Որոշ ժամանակ առաջ, Թայվան կատարած այցով մեծ աղմուկ բարձրացրած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը հավելեց, որ Ադրբեջանի «մահաբեր ու անօրինական հարձակումների» պատճառով իր այցը Հայաստան առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերել։ Իհարկե, Ադրբեջանի ԱԳՆ-ն անարդար է որակել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի հայտարարությունները և ասել, որ Փելոսիի հայտարարությունները լուրջ հարված կհասցնեն Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:
Չնայած Փելոսիի Կովկասյան տարածաշրջան այցի կարևորության մասին ԱՄՆ-ի հայտարարությանը, հարցը, որը պետք է հաշվի առնել, այն է, որ արտատարածաշրջանային տերությունների, հատկապես ԱՄՆ-ի միջամտությունը Կովկասյան զարգացումներում հնարավոր է ոչ միայն չհանգեցնել կայունության ու խաղաղության, այլև, ինչպես Վաշինգտոնի նմանատիպ փորձը Արևմտյան Ասիայում, հանգեցնի լարվածության սրմանը: