Մամուլի տեսություն-09․07․2023
Ուկրաինա կասետային ռումբեր ուղարկելու ԱՄՆ նախագահի որոշումը ուղեկցվել է երկրների և միջազգային կազմակերպությունների խիստ քննադատությամբ, քանի որ այդ զենքի օգտագործումը կհանգեցնի ավելի մեծ թվով խաղաղ բնակիչների սպանությանը։
Քեյհան
Պենտագոն․ Ռուսաստանին հաղթելու համար արժե սպանել խաղաղ բնակիչներին
Ընդունելով, որ Ուկրաինային կասետային ռումբերի մատակարարումը կհանգեցնի քաղաքացիական անձանց շրջանում զոհերի՝ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ ռազմադաշտում Ռուսաստանի հաղթանակելու վախը գերադասելի է այս մտահոգություններից։ Իսկ դա նշանակում է, որ ամերիկացիների կարծիքով, Ռուսաստանին հաղթելու համար արժե կասետային ռումբով սպանել խաղաղ բնակիչներին:
CNN-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինային կասետային ռումբեր տրամադրելու որոշումը «դժվար» է որակել և պնդել, որ ինքն այդ որոշումը կայացրել է այն փաստի ազդեցության տակ,որ և՛ Կիևը, և՛ Վաշինգտոնը սովորական զինամթերքի պակաս ունեն։
Նա հավելել է. –«Ուկրաինան այդ զինամթերքի «կարիքն ունի» հակագրոհները շարունակելու և Ռուսաստանին հետ մղելու համար։
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան՝ Անատոլի Անտոնովն իր տարածած հայտարարության մեջ նշել է,որ Վաշինգտոնն այդ քայլն արել է ճարահատյալ լինելու պատճառով,քանի որ Արևմուտքը չի ցանկանում ընդունել, որ Ուկրաինայի հակագրոհները ոչ մի տեղ չեն տանի։
Վաթան Էմրուզ
Ահավասիկ Իրանի իրական դիրքը
Թեհրանի լիիրավ անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը և նրա մոտալուտ անդամակցությունը BRICS դաշինքին վկայում են ՍՄՆ-ի տասնամյակների զոռբայության ավարտի մասին:
Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցության և BRICS-ին հնարավոր միանալու արդյունքներից մեկը կլինի ապադոլարիզացիան, այսինքն՝ նշված կազմակերպությունների անդամների միջև երկկողմ առևտրում ԱՄՆ դոլարի վերացումը։
Շուտով մենք Իրանին կտեսնենք որպես Շանհայի համագործակցության կազմակերպության և BRICS-ի առանցքային անդամներից մեկը, որը շատ սերտ հարաբերություններ ունի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների, ներառյալ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ:
Այսպիսով, երբ մենք խոսում ենք հարավային հատվածի այս բոլոր գլոբալ տերությունների բացարձակապաես թիվ մեկ խնդրի մասին, ամեն ինչ հանգում է նախագահ Ռայիսիի վերջին խոսքերին, ով իրավացիորեն նշեց ապադոլարացման մասին: Իրանի նախագահը դոլարից հրաժարվելը համարել է միջազգային արդար համակարգի ձևավորման հիմնական անհրաժեշտություն։
Էթելաաթ
ԵՄ. Այն, ինչ Իսրայելն արեց Ջենինում, միջազգային իրավունքի կոպիտ խախտում էր
Պաղեստինում Եվրամիության ներկայացուցիչը Ջենին ճամբար կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ այս ճամբարի վրա Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակումը վկայում է միջազգային իրավունքի կոպիտ խախտման մասին։ Սան Քոհեն Ֆոն Բուրգդորֆը, նշել է, որ Ջենինի ճամբարի վրա կատարված ռազմական հարձակումը ցավալի էր և միջազգային իրավունքի կոպիտ խախտում։ «Իսրայելական բանակը Ջենինում ավերել է տասնյակ տներ, խմելու ջրի և կոյուղու օբյեկտներ», ընդգծել է նա։
Ջավան
Առողջապահական զբոսաշրջությունը մեկ միլիարդ դոլարի եկամուտ է բերել Իրանին
Երկար տարիներ Իրանում բժշկագիտության առաջընթացը, հմուտ բժիշկների առկայության հետ մեկտեղ, հանգեցրել է նրան, որ շատ հիվանդներ իրենց հիվանդությունները բուժելու համար չեն մեկնում արտերկիր, այլ Իրանը դարձել է բժշկական շատ ճյուղերի կենտրոն։ Հարևան երկրներից բազմաթիվ հիվանդներ են գալիս Իրան բուժվելու նպատակով։ Այնպես, որ Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության փոխնախարարը հայտարարել է, որ անցած տարի բուժման նպատակով Իրան է այցելել 164 երկրներից մեկ միլիոն 200 հազար զբոսաշրջիկ:
Armenpress.am
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են Լաչինի միջանցքում և Արցախում ստեղծված իրավիճակը
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալներ Վահե Գևրորգյանը և Միխայիլ Գալուզինը հանդիպել են Մոսկվայում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերին: Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին: Այս համատեքստում կարևորվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացումը:
Վահե Գևորգյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների հասցեագրման անհրաժեշտությունը:
Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ:
Հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ: Վերլուծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքի ընթացքը: Նշվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիների ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը ՝ 2020-2022թթ. բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրին համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ անդրադարձ է կատարվել Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությանը ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում ՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ:
Lurer.com
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվություն է տարածում. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
News.am
Բայրամովը՝ Հայաստանի և Իրանի հետ փոխհարաբերությունների մասին
Վերջին ամիսներին «ինտենսիվ աշխատանք է տարվել» Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ նրա, այդ ժամանակահատվածում առաջնորդների մակարդակով մի քանի հանդիպումներ են եղել։
«Միաժամանակ ինտենսիվ շփումներ են եղել արտգործնախարարների մակարդակով։ Հաղորդակցման ուղիները բացելու բանակցություններ են ընթանում»,- ասել է նա։
Բայրամովը նշել է նաև, որ ադրբեջանաիրանական փոխհարաբերությունները «շատ կարևոր են Ադրբեջանի համար տարածաշրջանի զարգացման և անվտանգության տեսանկյունից»։
«Ադրբեջանը միշտ շահագրգռված է եղել Իրանի հետ դրական հարաբերությունների զարգացմամբ։ Վերջին ժամանակներս երկու երկրների փոխհարաբերություններում լարվածություն է առաջացել, ինչի համար լուրջ պատճառներ են եղել։
Սակայն մենք բարձր ենք գնահատում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի այցը Ադրբեջան, նրա մասնակցությունը Չմիավորման շարժման նախարարական հանդիպմանը, ինչպես նաև այցի շրջանակում նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- ասել է Բայրամովը։
Ըստ նրա, այդ հանդիպման շնորհիվ է հնարավոր դարձել «բացահայտ քննարկել այն հարցերն ու թեմաները, որոնք լարվածության սրման պատճառ են հանդիսացել»։
«Մենք տեսնում ենք տարաձայնությունները վերացնելուն ուղղված լուրջ քայլեր ձեռնարկելու Իրանի մտադրությունը։ Այդ դեպքում Ադրբեջանը կձեռնարկի համապատասխան և փոխադարձ քայլեր։
Դա ազդակ կլինի հաղորդակցությունների ոլորտում իրանաադրբեջանական հարաբերությունների համար։ Կարելի է ասել, որ այդ միջանցքը շատ կարևոր դեր կխաղա Նախիջևանի հետ Ադրբեջանի հիմնական մասի միավորման համար։ Մենք ընդարձակ քննարկումներ ենք ունեցել նախագահ Ալիևի հետ տարածաշրջանում հաղորդակցման ուղիների բացման վերաբերյալ»,- ասել է Բայրամովը։
Tert.am
Մենք մեր քաղաքականությունը վարում ենք ոչ թե ինչ-որ մեկի կոչերով, այլ մեր ազգային շահերից ելնելով. Բայրամովն արձագանքել է Զախարովայի՝ Լաչինի միջանցքը բացելու կոչին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովայի հայտարարությունը Լաչինի ճանապարհի արգելափակման վերաբերյալ, ասել է, որ կոչերը լսել, վերլուծել պետք է, բայց Ադրբեջանն իր քաղաքականությունը վարում է ոչ թե առաջնորդվելով ինչ-որ մեկի կոչերով, այլ ազգային շահերից ելնելով:
Հիշեցնենք, որ ճեպազրույցումյ Զախարովան ասել էր, որ Մոսկվան ծայրահեղ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակիացած դեպքերով և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ։
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել դրանով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների՝ քաղաքացիական նպատակներով անխոչընդոտ տեղաշարժը»,- նշել էր Զախարովան։
«Իհարկե, կոչերը պետք է լսել։ Կարևոր է դրանք վերլուծել, և մենք դա անում ենք, տալիս ենք համարժեք պատասխաններ... Ադրբեջանն իր տեսակետն ունի հարցեր միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու վերաբերյալ։ Մենք մեր քաղաքականությունը վարում ենք ոչ թե ինչ-որ մեկի կոչերով, այլ մեր ազգային շահերից ելնելով։ Վստահ ենք, որ այս քաղաքականությունը դրական արդյունքների կբերի»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ Բաքուն նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, իսկ այս տարվա ապրիլի 23-ին ապօրինաբար անցակետ է տեղադրել միջանցքի սկզբում Հակարի գետի կամրջի վրա: