Մամուլի տեսություն 23․07․2023
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդն իր հեղափոխական և լուսաբանող ուղերձում նշել է, որ Սուրբ Ղուրանի պղծման միջադեպը ծրագրված է սիոնիստների կողմից և նպատակ ունի կրոնական պառակտում առաջացնել տարբեր կրոնների հետևորդների միջև։
Վաթան Էմրուզ
Սիոնիստական սադրանք մուսուլմանների և քրիստոնյաների դեմ
Ինչպես Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդն իր հեղափոխական ու լուսաբանող ուղերձում նշել է, -«Սուրբ Ղուրանի պղծումը վտանգավոր միջադեպ է։ Այս քայլերը, որոնք ծրագրված են սիոնիստների կողմից, նպատակ ունեն կրոնական պառակտում առաջացնել տարբեր կրոնների հետևորդների միջեւ։ Խոսքի ազատության կարգախոսի պատրվակով արևմտյան կառավարությունները կասկածի տակ են դնում բարոյականության և մարդկայնության սկզբունքները և աջակցելով կրոնների սրբություններն անարգողներին՝ հարուցում են հավատացյալների զայրույթը։ Մենք բազմիցս ասել ենք, որ եթե քննադատում եք Ղուրանը, քննադատեք տրամաբանորեն: Իհարկե, իսլամական աշխարհի կրոնագետները կպատասխանեն ձեր հարցերին։ Այն փաստը, որ նրանք կատարում են այդ հանցագործությունները, նպատակ ունեն տարբեր հասարակություններում մարդկանց միջև ատելություն և կոնֆլիկտ առաջացնել:
Քեյհան
ԱՄՆ-ի խաչակրաց արշավանքը և Շվեդիայի խաբեությունը
Տարիներ շարունակ Աֆղանստանում և Պակիստանում, Իրաքում, Լիբանանում և Պաղեստինում միլիոնավոր ճնշված մուսուլմանների սրբություններն ու իրավունքները ոտնահարվել են, հարյուր հազարավոր մարդիկ սպանվել են, տասնյակ հազարավոր տղամարդիկ և կանայք գերվել են, հազարավոր երեխաներ և կանայք առևանգվել են, միլիոնավոր հաշմանդամներ ու տեղահանվածներ դարձել են ԱՄՆ-ի վարած քաղաքականության զոհը։
Եվ այս բոլոր ճնշումներով հանդերձ, արևմտյան համաշխարհային լրատվամիջոցներում ինչու՞ են նրանք ձևացնում, թե մուսուլմանները բռնության մարմնացում են, և որ Ղուրանը և իսլամը սպառնալիք են մարդկության համար: Ո՞վ է հավատում, որ այս հսկայական դավադրությունը հնարավոր և գործնական է առանց ամերիկյան կառավարության ներսում սիոնիստական շրջանակների օգնության և միջամտության: Սաուդցի փորձագետի կարծիքով՝ «Այսօր, երբ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն է նկատվում Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ, ԱՄՆ-ի գործողությունները կասկածելի են, քանի որ ԱՄՆ-ն պատերազմի կայսրություն է և չի կարող գոյատևել առանց պատերազմի...»։
Էթելաաթ
Հարձակման թիրախ է դարձել «Բելգորոդի» շրջանը. Ուկրաինայի առաջին հարձակումը Ռուսաստանի վրա կասետային զինամթերքով
Ռուսաստանի Բելգորոդի նահանգապետը հայտարարել է, որ Ուկրաինան կասետային զինամթերքով թիրախավորել է Բելգորոդի շրջանի Ժուրավլյովկա գյուղը։ Վյաչեսլավ Գլադկոն հավելել է.-«Բացի կասետային զինամթերքից, այս գյուղի ուղղությամբ արձակվել է նաև 21 թնդանոթ և 10 ականանետ, գյուղը նույնպես թիրախ է դարձել կամիկաձե անօդաչու թռչող սարքի միձոցով։ Բելգորոդի նահանգապետը տեղեկացրել է նաև այս շրջանի այլ գյուղերում տեղի ունեցած այլ պայթյունների մասին և ասել. «Իլք-Պենկոկա» գյուղում 12 տուն հարձակման է ենթարկվել։
Ջավան
Եվրոպան հակաիրանական պատժամիջոցների հարցում
հետևում է ԱՄՆ-ին
Որոշ եվրոպական երկրների Իրանին դիմակայելու հիմնական արմատը, թեև վերադառնում է ինտելեկտուալ ենթակառուցվածքին և կրոնական համակարգի մտածողության հետ լիբերալ մտքի առճակատմանը և եվրոպացիների գերիշխանական բնույթին, բայց այսօրվա Եվրոպայի առանձնահատկությունները և գլոբալ խնդիրներին դիմակայելու թուլությունն ու անկարողությունը և Ուկրաինայի պատերազմում պարտությունը ստիպել են նրանց կուրորեն հետևել ամերիկացիների ծրագրերին գլոբալ հիմնախնդիրներին դիմակայելու հարցում:
Armenpress.am
Ձեր աչքերով տեսեք Արցախի ողբերգությունը. Հայաստանի լրագրողական կազմակերպությունների կոչը Շուշիի մեդիա ֆորումի մասնակիցներին
Հայկական լրագրողական 11 կազմակերպություններ կոչ են հղել Շուշիի մեդիա ֆորումին մասնակցող գործընկերներին՝ նշելով, որ նրանց վճռականությունն ու հաստատակամությունը կարող են նպաստել տարածաշրջանում առկա իրավիճակի փակուղուց դուրս բերմանը, և համոզմունք հայտնել, որ լրագրության պատմության առաջին հայացքից աննշան թվացող այս դրվագը կարող է կարևոր դեր խաղալ ընդհանուր մասնագիտության հետագա հեղինակության համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայկական լրագրողական կազմակերպությունները նաև հարցադրում են արել առ այն, որ մի՞թե մեդիա ֆորումի մասնակիցների մասնագիտական պարտքը իրենց չի դրդում ադրբեջանական իշխանություններից պահանջելու ազատ տեղաշարժի հնարավորություն, որպեսզի ձեր աչքերով տեսնեն Արցախի ողբերգությունը։
Կոչում նշված է. «Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, հարցեր չունենք խոսքի ազատության միջազգային վարկանիշների վերջին տեղերից մեկում գտնվող երկրի ղեկավարությանը, որը, սակայն, հուլիսի 22-23-ին հերթական շքեղ մեդիա ֆորումն է անցկացնում։ Մենք հարցեր չունենք այս միջոցառման կազմակերպչին՝ Ադրբեջանի ԶԼՄ-ների զարգացման գործակալությանը, որն աջակցում է խոսքի ազատությունը սահմանափակող կառավարական բոլոր նախաձեռնություններին և պարբերաբար մեղադրանքներով է հանդես գալիս այդ երկրում լրագրողների իրավունքների զանգվածային ճնշման վերաբերյալ քննադատություն հնչեցնող իրավապաշտպան կազմակերպությունների հասցեին: Ցավոք, արդեն հարցեր չունենք նաև ճանաչված լրատվամիջոցներին և մասնագիտական կառույցներին, որոնք իրենց ներկայացուցիչներին ուղարկել են մասնակցելու Շուշիի ֆորումին՝ մի միջոցառման, որի միակ նպատակը Բաքվի՝ քաղաքակիրթ աշխարհի հիմնարար արժեքներին հակասող արտաքին և ներքին քաղաքականությունը լեգիտիմացնելն է․ այսօրինակ անսկզբունքայնությունը շատերի համար սովորական բան է դարձել։
Մեր հարցն ուղղված է ալիևյան ռեժիմի առատաձեռն հյուրընկալությունը վայելող և արտաքին աշխարհից ավելի քան յոթ ամիս մեկուսացման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի քաղաքներից և գյուղերից մի քանի կիլոմետր հեռավորության վրա հայտնված գործընկեր լրագրողներին։ Այնտեղ, որտեղ հազարավոր մարդիկ երկար ժամանակ զրկված են տարրական սնունդ ունենալու հնարավորությունից, որտեղ ծննդաբերող կանանց չեն կարող հասցնել հիվանդանոց՝ բենզինի բացակայության պատճառով, որտեղ ջրի մատակարարումը վտանգված է էլեկտրաէներգիայի սակավության պատճառով… Մի՞թե ձեր մասնագիտական պարտքը ձեզ չի դրդում ադրբեջանական իշխանություններից պահանջելու ազատ տեղաշարժի հնարավորություն, որպեսզի ձեր աչքերով տեսնեք այն ողբերգությունը, որի հետ զուգահեռներ գտնելն այնքան էլ հեշտ չէ ժամանակակից աշխարհում։ Մի՞թե այլևս լրատվամիջոցների խնդիրը չէ՝ ճեղքել տեղեկատվական շրջափակումները, երբ կատարվողի մասին տեղեկատվությունը գալիս է համարյա բացառապես կողմնակալ աղբյուրներից։ Մի՞թե դուք որոշել եք տուրք տալ մեր մասնագիտությանն անհարիր դյուրահավատությանը և «ըմբռնումով մոտենալ» փաստարկներին, թե իբր Ֆորումի տերերն ուրախ կլինեին օգնել ձեզ մի քանի րոպեում հաղթահարել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ տանող ճանապարհը, բայց տեղի հայկական ղեկավարությունը կամ ռուս խաղաղապահները ձեզ թույլ չեն տա անցնել:
Մինչդեռ ձեր վճռականությունն ու հաստատակամությունը կարող են նպաստել տարածաշրջանում առկա իրավիճակի փակուղուց դուրս բերմանը: Համոզված ենք, որ լրագրության պատմության առաջին հայացքից աննշան թվացող այս դրվագը կարող է կարևոր դեր խաղալ մեր ընդհանուր մասնագիտության հետագա հեղինակության համար»։
News.am
EuroNews-ի լրագրողը այցելել է Լաչինի միջանցքում ապօրինի գործող հսկիչ կետ
EuroNews-ի լրագրող Անելիզ Բորժեսը նախօրեին այցելել է Լաչինի միջանցքում ապօրինի գործող հսկիչ կետ։ Այդ մասին նա հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում:
«Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ամենավիճահարույց մասերից մեկն է»,- գրել է նա։
Արցախը շրջափակված է 224 օր, այնտեղ վիճակն օրհասական է եւ նույնիսկ հացի խնդիր արդեն կա:
168.am
Զելենսկին դիմել է Ստոլտենբերգին Ուկրաինա-ՆԱՏՕ Խորհուրդ հրավիրելու առաջարկով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շտապ Ուկրաինա-ՆԱՏՕ Խորհուրդ հրավիրելու առաջարկով դիմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։
Ինչպես տեղեկացրել են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից, Զելենսկին առաջարկել է մոտակա օրերս անցկացվելիք Խորհրդի նիստում քննարկել Սև ծովում առկա իրավիճակը և «հացահատիկի միջանցքի» աշխատանքը։
Զելենսկին կրկին երկրի առաջնահերթություն է անվանել ՆԱՏՕ-ին շուտափույթ անդամակցությունը, երբ դրա համար հնարավոր «պայմաններ» կլինեն։
News.am
Թրամփի դատավարությունը սկսվելու է հաջորդ տարվա մայիսի 20-ից
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ գաղտնի փաստաթղթերի հանդեպ անթույլատրելի վերաբերմունքի գործով, դատավարությունը սկսվելու է հաջորդ տարվա մայիսի 20-ից, ուրբաթ՝ հուլիսի 21-ին սահմանել է Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Փիրսի շրջանային դատավոր Էյլին Քենոնը։ Թրամփի փաստաբանները բողոքել են այդ ամսաթվի նշանակման դեմ՝ ընդգծելով, որ իրենց պաշտպանյալի գործով ցանկացած դատավարություն պետք է անցկացվի 2024 թ․նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո։
Թրամփի ներկայացուցիչը հայտարարել է, որ դատավարության գրաֆիկը «թույլ է տալիս Թրամփին և նրա իրավաբանական թիմին շարունակել պայքարը» այս քրեկանան գործի դեմ, գրում է DW-ն։ ԱՄՆ հատուկ դատախազ Ջեք Սմիթի գրասենյակի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից: