Մամուլի տեսություն 06․08․2023
78 տարի առաջ այս օրերին ԱՄՆ-ի «Փոքրիկ տղա» և «Գերմարդ» կոդային անուններով ռումբերը Հիրոսիմայում և Նագասակիում տասնյակ հազարավոր մարդու կյանք խլեցին և հազարավոր մարդիկ դարձան հաշմանդամներ։ Այդ ռումբերից տուժեցին նույնիսկ հետագա սերունդները։
Քեյհան
ԱՄՆ-ն ինչպե՞ս «Փոքրիկ տղա» և «Գեր մարդ» կոդային անունները կրող ռումբերով մոխրի վերածեց հարյուր հազարավոր ճապոնացիների
Ամերիկացիները Հիրոսիմայի վրա գցած ռումբն անվանել են փոքրիկ տղա, իսկ Նագասակիի ռումբը՝ գեր մարդ։ Նրանք նույնիսկ հիմա էլ չեն ամաչում այս հանցագործության համար։ 78 տարի է անցել այդ դեպքերից, և «Հոլիվուդը» ստորաբար ֆիլմ է պատրաստում մարդկության դեմ մեծ հանցանք գործած և ԱՄՆ-ի ատոմային ծրագրի հայրը համարվող «Օփենհայմերի» մասին։ Վերջին 78 տարիների ընթացքում ԱՄՆ-ի կառավարությունը երբեք ներողություն չի խնդրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենամեծ ռազմական հանցագործության և զանգվածային սպանությունների համար և միայն պարծանքով է խոսել այս պատերազմի մասին։ Այս հանցագործությունն այնքան մեծ էր ու ակնհայտ, որ ցավեցնում է ցանկացած մարդու սիրտը, բայց ինչպես միշտ, արևմտյան մարդու իրավունքները և լիբերալ աշխարհը լռեցին։
Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը եղել են բազմաթիվ ռազմական գաղափարների և ծրագրերի ժառանգորդները, ինչպես նաև գերմանացի ֆաշիստական շատ գիտնականների առևանգողները: Նացիստական Գերմանիան բազմաթիվ սպառազինությունների և ռազմական տեխնոլոգիաների ոլորտում համարվում է առաջինը։ Աշխարհի առաջին բալիստիկ հրթիռը, առաջին թեւավոր հրթիռը, ռեակտիվ շարժիչներով առաջին ռազմական ինքնաթիռները և պատերազմի ասպարեզում առաջինների այլ օրինակներ այս ռեժիմի նախաձեռնությունների փոքր մասն են կազմում։ Նախաձեռնություններ, որոնք խլել են հարյուր հազարավոր և միլիոնավոր անմեղ մարդկանց կյանքեր ամբողջ աշխարհում:
Էթելաաթ
Սիոնիստների մեկ երրորդը մտածում է օկուպացված Պաղեստինից փախչելու մասին
Սիոնիստական հեռուստաընկերությունը հրապարակել է անցկացված մի սոցհարցման արդյունքներ,որոնք ցույց են տալիս, որ ավանաբնակների մեկ երրորդը մտածում է լքել օկուպացված Պաղեստինը և փախչել ներկայիս ճգնաժամից։ Սիոնիստական ռեժիմի հեռուստաընկերությունը հաղորդել է,որ ճգնաժամերի սրման պատճառով սիոնիստ ավանաբնակները տագնապի մեջ են և իսրայելցիների 33 տոկոսը մտածում է օկուպացված Պաղեստինը լքելու մասին, իսկ նրանցից 31 տոկոսն անհանգստացած է ապագայում քաղաքացիական պատերազմ ծագելու համար։
Վաթան Էմրուզ
Պատրաստ՝ Պարսից ծոցում
Շարունակվելով Իրանի մարտական ուժերի ռազմածովային պաշտպանունակության կատարելագործման գործընթացը, երեկ տեղի է ունեցել հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և էլեկտրոնային պատերազմի ոլորտներում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի նոր ռազմավարական համակարգերի ու սարքավորումների շնորհանդեսը, որոնցով համալրվել է Կորպուսի ծովուժը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում և բանակում Իրանի ռազմածովային ուժերի ստորաբաժանումների գործողությունները և ժամանակակից թեւավոր և բալիստիկ հրթիռներով նրանց վերազինումը, որոնք հագեցած են արհեստական ինտելեկտով, անօդաչու սարքերով և առաջադեմ համակարգերով, կարող են դիտվել որպես վճռական ուղերձ ԱՄՆ-ին, առ այն որ յանկիները և նրանց դաշնակիցներն իրավունք չունեն վերադառնալու այս տարածաշրջան, և որ Պարսից ծոցը պատկանում է Իրանին և հարևան երկրներին, և այստեղ արտատարածաշրջանային երկրների համար տեղ չկա։
Համշահրի
ԻԼԻՊ-ի հետ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման համագործակցություն՝ Դիմադրության առանցքի հրամանատարների սպանության հարցում
ԻԼԻՊ-ի հետ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման համագործակցության մասին ԻՍՆԱ-ի տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը ցույց է տալիս, որ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը ԻԼԻՊ-ին տեղեկատվություն է տրամադրել դիմադրության առանցքի ուժերի շտաբի մասին և պատասխանատու է Սիրիայում Դիմադրության առանցքի ավագ հրամանատարներից մեկի նահատակության համար։
Armenpress.am
Միասնության, եղբայրության, սիրո ու համերաշխության պատգամ․ Գյումրիում տրվեց Համահայկական 8-րդ խաղերի մեկնարկը
Օգոստոսի 5-ին, Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում տեղի ունեցավ Համահայկան 8-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
Բացման միջոցառումը մեկնարկեց Համահայկական նախորդ խաղերի մասին պատմող տեղեկատվական հոլովակով։
Այնուհետև բեմ բարձրացավ Հայաստանի կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ով նախորդ բոլոր 7 Համահայկական խաղերում պատվիրակությունների շքերթն է ներկայացրել։ Այս անգամ ևս ավանդույթը չխախտվեց։
Մարզադաշտ մտնող պատվիրակություններին ներկայացնելուց առաջ ունեցած կարճ ելույթում Գիլոյանն ընդգծեց, որ Համահայկական մարզական խաղերը կայացած են, դրանք հիանալի են դրսևորել իրենց, մասնակիցների քանակն էլ հետզհետե ավելանում է։ «Այսօր 41 պետության 179 քաղաքի 7161 պատվիրակ ժամանել է Հայաստան և մասնակցելու է Համահայկական 8-րդ ամառային խաղերին»,- նշեց Գիլոյանը։
Այնուհետև մեկնարկեց հանդիսավոր շքերթը, որի ընթացքում մարզադաշտ մտան Համահայկական 8-րդ ամառային խաղերի մասնակից քաղաքների պատվիրակությունները։
Շքերթին հաջորդեց Համահայկական խաղերի մարզիկի և մրցավարի երդման արարողությունը։ Մարզիկների անունից երդվեց Հովհաննես Մարգարյանը, իսկ մրցավարների անունից՝ Դրաստամատ Մուրադյանը։
Այնուհետև տեղի ունեցավ Համահայկական 8-րդ խաղերի գլխավոր ջահը վառելու արարողությունը․ գլխավոր ջահը վառեց Եվրոպայի 6-ակի, աշխարհի քառակի չեմպիոն և Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը։
Ջահը վառելուց հետո Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը շարունակվեց շքեղ հրավառությամբ։
Tert.am
Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը. Դեսպան
Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ ապրանքների, մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը, ինչպես նաև բնակչությանը գազով և էլեկտրաէներգիայով անխափան մատակարարումը։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն անցած տարվա դեկտեմբերից փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Արցախում մարդասիրական ծանր դրություն է, որն օրեցօր ավելի է վատթարանում: Ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքի սկզբնամասում ապօրինաբար տեղադրել է անցակետ: Ներկայումս դեպի Արցախ մարդասիրական բեռների տեղափոխում հնարավոր չէ իրականացնել:
News.am
Այժմ պետք է ճնշում գործադրել Ալիևի վրա. Ռուբեն Վարդանյան
Եթե միջազգային միջնորդներն իսկապես ցանկանում են Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններ միջազգային մեխանիզմների շրջանակներում, ապա նրանք պետք է ձեռնպահ մնան այսպես կոչված Աղդամի ճանապարհի պրոպագանդայից, քանի դեռ Լաչինի միջանցքը լիովին բաց չէ և զերծ չէ անցակետերից, որոնք կարող են հանգեցնել հայերի պատանդառության։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Պարտադիր է, որ մենք զգույշ և մտածված քայլեր ձեռնարկենք՝ Արցախում/Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետից խուսափելու համար։ Երբ սա ապահովվի, մենք կկարողանանք անձամբ քննարկել ընթացիկ քաղաքական խնդիրները:
Արցախը հետևողականորեն իր պատրաստակամությունն է հայտնել միջազգային մեխանիզմների շրջանակներում բանակցությունների. այժմ պետք է ճնշում գործադրել Ալիևի վրա, որպեսզի նա ստանձնի պատասխանատվություն՝ պատերազմ հրահրելու և արցախահայությաննը սովի մատնելու պայմաններ ստեղծելու փոխարեն»,- ընդգծեց Ռուբեն Վարդանյանը:
Aravot.am
Կոչ եմ անում Միավորված Ազգերի Կազմակերպությանը և քաղաքակիրթ աշխարհին միջամտել. բացե՛ք Լաչինի միջանցքը. Արթուր Աբրահամ
Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը կոչ է անում բացել Արցախի կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է ծանր հումանիտար ճգնաժամ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով: Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհն է: 120.000 անմեղ քաղաքացիական բնակչությունը պայքարում է գոյատևման համար՝ սննդամթերքի, դեղորայքի և այլ կենսական անհրաժեշտության պարագաների բացակայության պայմաններում: 30.000 երեխա, 20.000 տարեց, 9.000 հաշմանդամություն ունեցող անձ և 2000 հղի կին օգնության կոչ են անում, սակայն աշխարհը լռում է: Մարդկանց սովի մատնելու դառը իրականությունը մարդասիրական աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: