Մամուլի տեսություն 26.09.2023
Իրանցի հետազոտողներին հաջողվել է աշխարհում որպես երկրորդ երկիր արտադրել գլխուղեղի ինսուլտի բուժման միակ դեղամիջոցը՝ հաղթելով ամերիկյան մենաշնորհին և չեզոքացնելով պատժամիջոցները։
Քեյհան
Իրանը դարձել է աշխարհում գլխուղեղի ինսուլտի բուժման միակ դեղամիջոցի երկրորդ արտադրողը՝ հաղթելով ամերիկյան մենաշնորհին և չեզոքացնելով պատժամիջոցները։
Իրանի գիտության, տեխնոլոգիական և գիտելիքահենք տնտեսության գծով փոխնախագահի ներկայությամբ «Ալթփլազ» դեղամիջոցի արտադրության հոսքագծի բացմամբ Իրանը դարձավ գլխուղեղի սուր իշեմիկ ինսուլտի բուժման միակ դեղամիջոցն արտադրող երկրորդ երկիրը։
Երկուշաբթի առավոտյան «Արենա կյանքի գիտելիքներ» գիտելիքահեն ընկերությունում շահագործման է հանձնվել «Ալթփլազ» կենսաբանական դեղամիջոցի վերամշակման և արտադրության հոսքագիծը: Այն միակ դեղամիջոցն է, որը հաստատվել է ԱՄՆ Պարենի և դեղերի կազմակերպության (FDA) կողմից գլխուղեղի սուր իշեմիկ ինսուլտի բուժման համար։
Այս շատ կարևոր և կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցի արտադրությունը մինչ այժմ ամերիկյան ընկերության մենաշնորհն էր։
Ջամեջամ
Սիոնիստական լրատվամիջոցներ. Նեթանյահուն ստել է
Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վարչապետի խոսքերը սուտ են որակել։
Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցների փորձագետները կարծում են, որ Նեթանյահուն ստել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իշխանությունը պահպանելու համար։ Ըստ այս ռեժիմի լրատվամիջոցների՝ Նեթանյահուի կաբինետը ձախողվել է։
Վաթան Էմրուզ
Պեկինը Միջերկրական ծովում
Չինաստան կատարած իր այցի ընթացքում Բաշար Ասադը հանդիպել է այս երկրի նախագահի հետ և ստորագրել ռազմավարական պայմանագրեր։
Սիրիայի նախագահի այցը Չինաստան և Չինաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում ռազմավարական համագործակցության փաստաթղթի ստորագրումը ցույց է տալիս Պեկինի վճռականությունը սիրիական ասպարեզում նախկինից տարբերվող դեր խաղալու հարցում։ 19 տարի անց Բաշար Ասադը Չինաստան է ժամանել հինգշաբթի օրը և հանդիպել Սի Ցզինպինի հետ Հանչժոուում՝ Ասիական խաղերի շրջանակում. Ուղևորություն և հանդիպում, որը համարվում է երկու երկրների հարաբերություններում կարևոր փուլի սկիզբ և, ըստ կողմերի, «ճակատագրական»։
Քեյհան
Նիգերի պատմական հաղթանակը /Ֆրանսիան վտարվեց
Նիգերից ֆրանսիացի զինվորականների և դիվանագիտական անձնակազմի ամբողջական դուրսբերման մասին հայտարարությունից հետո Նիգերը կառավարող ռազմական խորհուրդը այս երկրից Ֆրանսիայի վտարումն համարել է «Նիգերի պատմական հաղթանակը», որի արդյունքում այս երկրի ժողովուրդը ցնծում է փողոցներում։
Հուլիսի 26-ին Նիգերում «Հայրենիքի պաշտպանության ազգային խորհուրդ» կոչվող զորախմբի հրամանատարների հեղաշրջումից հետո, որն իրագործվեց այս երկրի ժողովուրդը աջակցությամբ՝ առանց մեկ կրակոց արձակելու, Ֆրանսիան կորցրեց Աֆրիկայում իր ամենակարևոր դաշնակիցներից մեկը: Ըստ տեղեկությունների՝ Նիգերը Բուրկինա Ֆասոյից հետո 11-րդ աֆրիկյան երկիրն է, որը վերջին տարիներին պոկվել է Ֆրանսիայից և Արևմուտքից։ Որոշ քաղաքական փորձագետներ նույնիսկ պետական հեղաշրջման փոխարեն «Աֆրիկյան հարություն» են անվանում Նիգերի զարգացումները։
Armenpress.am
Կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 2500 անձի ապահովել է կեցավայրով
Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 2500 անձի ապահովել է կեցավայրով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 26-ին հումանիտար կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ աշխատանքային խումբը նախապես գույքագրել էր Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում գտնվող հյուրատները և հյուրանոցները, որտեղ մարդկանց առաջին իսկ դիմումով կարող են մարդկանց տեղավորել։
« Մենք այս երեք օրերի ընթացքում արդեն իսկ 2500-ից ավելի անձանց կեցավայրով ենք ապահովել։ Նրանցից մոտ հազարը տեղակայված են Սյունիքի տարբեր հյուրատներում և հյուրանոցներում, 500՝ Վայքում, մոտ 500-ը՝ Գեղարքունիքի մարզում։ Եվ այս ժամերի ընթացքում շարունակվում է Տավուշի տարբեր հյուրատներում և հյուրանոցներում մարդկանց տեղակայումը։ Շարունակելու ենք այդպես շարժվել առաջ»,- ասաց Խաչատրյանը։
Panorama.am
Ծանր է լսել, տեսնել այն ամենը, ինչի միջով անցնում են ԼՂ-ից դուրս եկած այս ընտանիքները. Սամանթա Փաուեր
«Նախագահ Բայդենի հանձնարարակով ես այստեղ եմ եկել՝ զրուցելու իշխանության, հասարակական կազմակերպությունների, նաև քաղաքացիական անձանց հետ, այն մարդկանց, ովքեր Լեռնային Ղարաբաղից դուրս են գալիս»,- Լաչինի միջանցքի հարևանությամբ լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։
Նա նշեց, որ ծանր է լսել, տեսնել այն ամենը, ինչի միջով անցնում են այս ընտանիքները, որոնցից շատերը հեռացել են իրենց բնակավայրերից հրետակոծության ներքո։
Սամանթա Փաուերն ասաց, որ խոսել են բժիշկների հետ, ովքեր փոխանցել են, որ Արցախից այստեղ հասած մարդկանցից շատերի մոտ թերսնում է։
«Վերջին 9 ամիսների ընթացքում, երբ այս ճանապարհը շրջափակված էր Ադրբեջանի իշխանություններից կողմից, ԼՂ-ում հումանիտար ծանր իրավիճակ ստեղծվեց։ Սննդի, դեղորայքի, առաջին նշանակության ապրանքների լուրջ պակաս էր Լեռնային Ղարաբաղում։
Հումանիտար կազմակերպությունները հնարավորություն չունեին լինել տեղում՝ օգնելու հումանիտար կարիքները բավարարելու հարցում։ Ադրբեջանի իշխանությունները նրանց թույլ չէին տալիս մուտք գործել։
Վերջին շաբաթվա ընթացքում ռազմական գործողություններն արդեն իսկ ծանր իրավիճակը դարձրեցին առավել վատթար։ Բացարձակ անհրաժեշտություն է, որ հումանիտար կազմակերպությունները մուտքի հնարավորություն ունենան Լաչինի միջանցքով դեպի ԼՂ բնակավայրեր։ Բացարձակ և կարևորագույն անհրաժեշտություն է, որպեսզի միջազգային դիտորդները, հումանիտար կազմակերպությունները կարողանան հասնել և աջակցություն ցուցաբերեն ԼՂ բնակչությանը հենց տեղում»,- ասաց ամերիկացի գործիչը։
Սամանթա Փաուերի խոսքով, գիտեն, որ Լեռնային Ղարաբաղում կան վիրավոր քաղաքացիական անձինք, որոնք տարհանման կարիք ունեն։
«Անհրաժեշտ է, որպեսզի նրանց տարհանումն անմիջապես կազմակեպվի Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- ասաց նա։
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավարը հայտարարեց, որ հաշվի առնելով այն կարիքները, որ այժմ ունեն ԼՂ-ից եկողները, ԼՂ բնակչությունը, ԱՄն կառավարությունը 11.5 մլն դոլար է հատկացնում հումանիտար կարիքների համար, ինչը կուղղվի ինչպես սննդի ձեռքբերմանը, այնպես էլ սոցիալական և հոգեբանական օգնությանը:
«Տեղահանված անձինք նաև ցանկություն ունեն հետ վերադառնալ իրենց տներ, որպեսզի կարողանան այցելել իրենց հարազատների գերեզմաններ։ Այս տեղաշարժի ազատությունը բացարձակապես անհրաժեշտ է և կարևոր։
Ու թեպետ այս պահին մեր ուշադրության կենտրոնում այս զրկանքների միջոցով անցնող մարդկանց առաջին անհրաժեշտության հարցերն են, սակայն միաժամանակ մեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն միջնաժամկետ և երկարաժամկետ հարցերը»,- ասաց նա։
News.am
Ցանկացած դիտորդական առաքելություն Ղարաբաղում կարող է այնտեղ լինել միայն Բաքվի համաձայնությամբ. Կրեմլ
Ցանկացած դիտորդական առաքելություն Լեռնային Ղարաբաղում այնտեղ կարող է լինել միայն Բավքի համաձայնությամբ, ինչ վերաբերում է ԱՄՆ նախաձեռնությանը, ապա որոշակիություն այդ հարցում առայժմ չի նկատվում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ոչ, այստեղ առայժմ որեւէ որոշակիություն չի նկատվում։ Հետո, ցանկացած առաքելություն կարող է գոյություն ունենալ միայն ադրբեջանական կողմի համաձայնությամբ։ Պետք է հասկանալ սա առաջին հերթին։ Իսկ մենք մեր հերթին շարունակում ենք մեր շփումները թե՛ Երեւանի, թե՛ Բաքվի, ինչպես նաեւ Ղարաբաղի էթնիկ հայերի հետ»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ ի պատասխան այն հարցի, թե կան արդյոք շփումներ ամերիկյան կողմի հետ այս թեմայի վերաբերյալ։
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ն աշխատում է միջազգային առաքելության ստեղծման ուղղությամբ, որը կհետեւեր Ադրբեջանի պարտավորությունների կատարմանը Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների են անվտանգության ապահովման մասով։ Նա ավելացրել է, որ այդ նախաձեռնությունն ակտիվորեն քննարկվում է, եւ ԱՄՆ-ն աշխատում է դաշնակիցների հետ այդ ուղղությամբ։
Panorama.am
Խաղաղապահներն ուղղաթիռով պայթյունից տուժածներին տեղափոխում են Հայաստան
Արցախի Հանրապետությունում ռուսական խաղաղապահ զորախմբի ուղղաթիռները Հայաստան են տեղափոխվել վառելիքի պահեստի պայթյունից տուժած քաղաքացիներ։
«Ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածությամբ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի ուղղաթիռները Հայաստանի տարածք են տեղափոխել վառելիքի պահեստի պայթյունից տուժած քաղաքացիների»,- նշված է խաղաղապահ զորախմբի թելեգրամյան ալիքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս խաղաղապահի զորախմբի բուժկետ էին տեղափոխվել սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով տուժած 23 քաղաքացի։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում տեղի է ունեցել պայթյուն։ Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ Արցախի առողջապահոթյան նախարարության հաղորդմամբ, նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։ 7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։
Պայթյունի տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։
Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով 7 տուժած արդեն ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է:
Panorama.am
ՄԱԿ-ը աջակցություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից տուժած բնակչությանը
ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակից տուժած բնակչությանը օգնություն տրամադրելու հարցում:«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ երեքշաբթի ասել է Ժնևի ՄԱԿ-ի կենտրոնակայանի խոսնակ Ալեսանդրա Վելուչին։
ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ Լեռնային Ղարաբաղից երկիր է մուտք գործել ավելի քան 13,5 հազար մարդ։
«ՄԱԿ-ը շատ ուշադիր հետևում է դեպի Հայաստան զանգվածային շարժումներին, և մենք շատ մտահոգված ենք տեղի ունեցող իրադարձություններով: Մենք պատրաստ ենք գնահատել հումանիտար կարիքները և օգնություն ցուցաբերել տուժածներին... Մենք պատրաստ ենք աջակցել օգնություն ցուցաբերելու այլ ջանքերին»,-ասել է Վելուչին Ժնևում կայացած ճեպազրույցում։