Մամուլի տեսություն 31․10․2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i208418-Մամուլի_տեսություն_31_10_2023
Գազայի անմեղ ժողովրդին սպանելիս Սիոնիստական ռեժիմը չխղճաց նույնիսկ քաղցկեղով հիվանդներին, և հերթական անգամ ռմբակոծելով Գազայում քաղցկեղով հիվանդների հիվանդանոցը, նրանց շնչահեղձության վիճակի հասցրեց՝ առաջացած ծխի պատճառով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2023 14:36 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 31․10․2023

Գազայի անմեղ ժողովրդին սպանելիս Սիոնիստական ռեժիմը չխղճաց նույնիսկ քաղցկեղով հիվանդներին, և հերթական անգամ ռմբակոծելով Գազայում քաղցկեղով հիվանդների հիվանդանոցը, նրանց շնչահեղձության վիճակի հասցրեց՝ առաջացած ծխի պատճառով։

Վաթան Էմրուզ

Իսրայելի անընդմեջ պարտությունները Գազայի մատույցներին

 

Այս պատերազմի ապագայի համար ավելի հավանական է առնվազն 3 տարբերակ. Նախ՝ սիոնիստները կհրաժարվեն ցամաքային հարձակումից և կբավարարվեն միայն Գազայի վրա անկանոն ու լայնածավալ ռմբակոծությամբ՝ այս տարածաշրջանում ավելի շատ մարդ սպանելու նպատակով։ Այս կերպ էլ նրանք պատերազմը կավարտեն՝ ձեռք բերելով ոչինչ, բացի  բացարձակ պարտությունից։

Երկրորդ տարբերակն այն է, որ Իսրայելի իշխանություններն կիրականացնեն այն, ինչի մասին խոսում են (գործնականում նրանք ցույց են տվել, որ դրա համարձակությունը չունեն), կանցնեն լայնածավալ հարձակման, որի դեպքում կունենան ծանր կորուստներ ։

Երրորդ տարբերակը, որին Նեթանյահուն, կարծես թե, ավելի հակված է, սահմանափակ կերպով ցամաքային հարձակումն է (օկուպացված տարածքների ներսում իր դեմքը վերականգնելու համար) և արագ ետ քաշումը (ծանր կորուստներից խուսափելու համար): Այս ռեժիմի բանակը, որն այս պատերազմում վայելում է ԱՄՆ-ի խորհրդատվական ու զենքի տեսքով համակողմանի օգնությունը, նախորդ գիշերների ընթացքում մի քանի անգամ իր բախտը փորձել է մտնել Գազա, սակայն չի հաջողվել։

 

Քեյհան

Չնայած խիստ պատժամիջոցներին, Իրանը 10 տեղով բարձրացել է աշխարհի 191 երկրների տնտեսական աճի վարկանիշում

 

Արժույթի միջազգային հիմնադրամի վիճակագրությունը ցույց է տալիս, որ Իրանը տնտեսական աճով աշխարհի երկրների վարկանիշում բարձրացել է 10 տեղով և առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Անգլիան, Նիդեռլանդները և Հունգարիան։

«Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» խորագրով զեկույցում Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է 2023 թվականին 191 երկրների տնտեսական աճի վերաբերյալ իր գնահատականը՝ հայտարարելով համաշխարհային վարկանիշում Իրանի դիրքի զգալի բարելավման մասին:

Միջազգային այս կառույցն այս տարի Իրանի համար տնտեսական աճը գնահատել է 2,97 տոկոս, որը գերազանցում է աշխարհի 101 երկրներին։

2023 թվականին Իրանը տնտեսական աճի համաշխարհային վարկանիշում զբաղեցրել է 90-րդ տեղը։

 

 

Ֆարհիխթեգան

Անցած ողջ գիշերվա ընթացքում  Գազայի հատվածը գտնվում էր Իսրայելի կրակի տակ. ռմբակոծությունները ոչ մի րոպե չեն դադարել։

Իսրայելի ավիահարվածների զոհերի թիվը հասել է 8400-ի, որից 3600-ը երեխաներ են։

Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը թեւակոխել է ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի երրորդ փուլ։ Այս երկրի բանակը ընդլայնում է իր ցամաքային ներխուժումն այս տարածաշրջան։

 

Էթեմադ

Գազայում քաղցկեղով հիվանդների հիվանդանոցի հերթական ռմբակոծումը

 

Սիոնիստական ռեժիմի կործանիչները հերթական անգամ ռմբակոծել են քաղցկեղով հիվանդների հիվանդանոցի շրջակայքը, ինչի հետեւանքով հիվանդները շնչահեղձության վիճակի են հասել՝ ռմբակոծությունից առաջացած ծխի պատճառով։

 

Ջավան

Կեղտոտ իշխանությունը և չարանենգ մարդը

 

Իրանում և աշխարհում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դատապարտման շրջանակում Իրանում հրեա հայրենակիցները երեկ հավաքներ էին կազմակերպել Թեհրան, Քերմանշահ, Սպահան, Յազդ և Շիրազ քաղաքներում՝ իրենց զայրույթն ու նողկանքը արտահայտելով Սիոնիստական մանկասպանի ռեժիմի վայրագ ու անմարդկային գործողությունների նկատմամբՙ Նրանք հայտարարեցին, որ հրեականության հաշիվը տաբերվում է սիոնիզմից։

 

Շարղ

Իրանը ոչ մի ազգի փոխարեն ուրիշների դեմ պատերազմի մեջ չի մտնելու

 

Պատասխանելով այն մարդկանց, ովքեր հարցնում են, թե ինչու Իսլամական Հանրապետությունը մուտք չի գործում պաղեստինյան մարտադաշտ՝  Քեյհան օրաթերթը գրել.

Իսլամական հեղափոխության դիսկուրսը հիմնված է ազգերի զարթոնքի ու հզորացման վրա և, իհարկե, աջակցում և զորացնում է յուրաքանչյուր ճնշված ու կեղեքված, ազատատենչության ոգով ազգի, բայց երբեք ոչ մի ազգի փոխարեն պատերազմի մեջ չի մտնելու, և Հենց այս ռազմավարությունն է, որ մինչ այժմ չեզոքացրել է արևմտյան Ասիայի տարածաշրջանում Իրանի դեմ ԱՄՆ-ի տարբեր սցենարները։

 

armenpress.am

Մեղրիի հատվածում երկաթգծի կառուցման մասով որոշակի պատկերացում ունենք․ ՏԿԵ նախարար

 

 

Հայաստանի կառավարությունը 2020 թվականից հետո ուսումնասիրություններ է կատարել Մեղրիի հատվածում Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող երկաթգծի կառուցման հնարավորության վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Առիթ ենք ունեցել Ճարտարապետության և շինարարության համալսարանին պատվիրել, որպեսզի ուսումնասիրություններ իրականացվի։ Գիտենք վիճակը և ինչ ծավալի աշխատանք է պետք անել, ինչքան ժամկետներում։ Այսինքն՝ նախնական պատկերացում ունենք, թե ինչ է պետք անել, որպեսզի այդ երկաթգիծը վերականգնվի։ Բայց այդ ամենը կարող է տեղի ունենալ, եթե կարգավորվեն քաղաքական, դիվանագիտական և այլ գործոները։ Երբ խնդիրը կգա մեր դաշտ, կլինեն զուտ նախագծային և շինարարական գործընթացներ, որոնց մասին, կրկնում եմ, ունենք որոշակի պատկերացում և սպասում ենք»,- ասաց Սանոսյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը  2021 թվականի դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ բրյուսելյան եռակողմ բանակցություններից հետո հայտարարել էր, որ պայմանավորվել են գործարկել Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին: 2023 թվականի մարտին Փաշինյանը հայտարարել էր, որ այդ պայմանավորվածությունն այդպես էլ չի իրագործվել, քանի որ դրանից մեկ շաբաթ անց Ադրբեջանը հրաժարվել էր գրավոր հաստատել պայմանավորվածությունը։

 

armenpress.am

ԼՂ-ից բռնի տեղահանված 16 հազար 371 երեխա կրթությունը շարունակում է ՀՀ տարբեր կրթական հաստատություններում

 

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 21 հազար երեխաներից 16 հազար 371-ը կրթությունը շարունակում է Հայաստանի  տարբեր կրթական հաստատություններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ նրանցից 5185-ը Երևանում են, մնացածը տեղաբաշխված են հանրապետության մյուս մարզեր: 

«Հորդորում եմ այն ընտանիքների ծնողներին, որոնց երեխաները դեռևս չեն հաճախում դպրոցներ, մոտենալ իրենց բնակության հարևանությամբ գործող դպրոցներ և երեխային ընդունել ուսումնական հաստատություն: Ուզում եմ հիշեցնել, որ այս շաբաթվանից ուսումնական գործընթացը վերսկսվել է, աշնանային արձակուրդները ավարտվել են, ուստի կարևոր է երեխաների շուտ ընդգրկումը ուսումնական հաստատություններին»,- շեշտեց փոխնախարարը: 

Նա տեղեկացրեց, որ շարունակվում է նաև նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և բուհերում կրթության շարունակական ապահովման ծրագիրը: 

«Այս պահին նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ունենք Լեռնային Ղարաբաղից տեղահանված 991 և բուհերում՝ 1645 ուսանող: Այս ուսանողների կրթաթոշակը փոխհատուցվելու է, ինչը հնարավորություն է տալու ուսումնական վարձի փոխհատուցում ունենալ»,- մանրամասնեց Սվաջյանը: 

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրին՝ փոխնախարարը հիշեցրեց կրթության կառավարման տեղեկատվական համակարգում հրապարակված թափուր հաստիքների ցուցակները, որտեղ ուսուցիչները կարող են ծանոթանալ աշխատանքի հնարավորության տարբերակներին: 

«Այսօրվա դրությամբ 126 ուսուցիչ դիմել է ծրագրի համար, 52-ը՝ գործուղվել է: Պետք է հիշեցնեմ, որ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելու պարագայում այս ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճարի հնարավորություն, իսկ հանրապետության որոշ մարզերում, մասնավորապես՝ Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան և Բերդ համայնքների և Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների դպրոցներում, բացի 30 տոկոս հավելավճարը, կարող են ունենալ նաև 30 հազար դրամ հավելավճար»,- եզրափակեց Սվաջյանը: 

tert.am

Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի մոտակա այլ վայրում. Քերոբյան

 

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ մետաղաձուլական գործարանը, որը սկսել էր կառուցվել Երասխում, կկառուցվի մոտակա մեկ այլ վայրում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Քերոբյանն ասել է լրագրողների հետ զրույցում։ 

Նա ասել է, որ հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի նախագծի իրագործման աշխատանքները շարունակվում են։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կառուցվող գործարանի վայրի տեղափոխություն լինելու է, Քերոբյանը կարճ պատասխանել է․ «Մոտակայքում»։

Հարցին, թե արդյոք այսպիսով տուրք չի տրվում ադրբեջանական կողմի պահանջին՝ Քերոբյանը պատասխանել է, որ գործարանի կառուցման համար ներդրումներ են իրականացնում մասնավոր ընկերությունները, որոնք էլ որոշում են իրենց անելիքը։

«Հաշվի առնելով աշխարհագրական և տարածաշրջանային միջավայրը՝ փորձում ենք իրենց մաքսիմալ օգտակար լինել»,- ասաց Քերոբյանը։

Գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են մոտ 6 ամիս առաջ, և նախատեսվում է, որ պետք է ավարտվեն մինչև տարեվերջ, սակայն  Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, թե այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքսի ջրերը։

Այդ հայտարարությունից մի քանի օր անց Ադրբեջանը սկսեց կրակել գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով գործարանի շինարարության վրա աշխատող երկու օտարերկրացի վիրավորվեց։

Լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր, և ամենահավանական տարբերակն Արարատ քաղաքին հարող հատվածն է։

 

news.am

Ռուսաստանը և Ադրբեջանը քննարկել են Հյուսիս-Հարավ միջանցքի երկաթուղային երթուղու զարգացումը

 

Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՀ) երկաթուղային երթուղու զարգացումը, հաղորդում է Բելոուսովի գրասենյակը։

«Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի երկաթուղային երթուղու զարգացման հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի սկզբին Բելոուսովը և Մուստաֆաևը քննարկել են տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագծի իրագործումը։

Հյուսիս-Հարավ ՄՏԿ-ն Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայ նավահանգիստ (Հնդկաստան) մուլտիմոդալ երթուղի է 7,2 հազար կիլոմետր երկարությամբ։ Գոյություն ունեն ՄՏԿ երեք երթուղիներ՝ տրանսկասպյան (օգտագործելով երկաթուղիներ և նավահանգիստներ), ինչպես նաև արևմտյան և արևելյան (ցամաքային): 2023 թվականի մայիսին Ռուսաստանը և Իրանը փաստաթղթեր են ստորագրել արևմտյան Հյուսիս-Հարավ երթուղու՝ Իրանի Ռեշտ-Աստարա երկաթուղու վերջին անհրաժեշտ հատվածի ավարտի մասին:

 

news.am

Գազան վերածվել է երեխաների գերեզմանոցի. ՅՈՒՆԻՍԵՖ

 

Գազայի հատվածը վերածվել է երեխաների գերեզմանոցի, մինչ օրս պաղեստինյան անկլավում անչափահասների մահերի թիվը գերազանցել է 3,4 հազարը։ Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) պաշտոնական ներկայացուցիչ, Ջեյմս Էլդերը:

«Գազան վերածվել է երեխաների գերեզմանոցի»,- ասել է նա։ Ըստ Էլդերի՝ Գազայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ անկլավում ավելի քան 3450 երեխա է մահացել։ Նա կրկնել է Իսրայելի իշխանություններին անհապաղ հրադադարի և մարդասիրական օգնության անխափան հոսքի համար բոլոր անցակետերի բացման կոչը։ «Եթե մենք կրակը դադարեցնենք 72 ժամով, դա թույլ կտա 1000 երեխայի կրկին ապահով լինել», - ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:

Նա նշել է, որ երեխաների կյանքին սպառնացող վտանգը «չի սահմանափակվում ռումբերով և ականանետերով»։

Ջրազրկումից մանկական մահացությունը «աճող սպառնալիք» է անկլավում, Գազայում ջրի արտադրությունը կազմում է իր պահանջի 5%-ը: Դա պայմանավորված է նրանով, որ աղազերծման կայանների մեծ մասը չի աշխատում վնասի կամ վառելիքի բացակայության պատճառով: