Իրանը և Եվրամիությունը համագործակցության նոր ռազմավարություն են կիրառում
Վերջին օրերին Թեհրանը հյուրընկալել է եվրոպական երկրների պատվիրակություններին ու պաշտոնյաներին:
Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության խորհրդի և Ֆինլանդիայի նախագահների Թեհրան կատարած այցը և միջուկային համաձայնությունից հետո Իրանի նկատմամբ Եվրամիության նոր ռազմավարության մասին բանաձևի ընդունումն ապացուցում են,որ Իրանի ու Եվրոպական երկրների հարաբերություններում նոր էջ է բացվել:
Եվրապառլամենտը երեքշաբթի օրը նոր ռազմավարության բանաձև է ընդունել Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ:
Բանաձևում Եվրապառլամենտը խոստովանել է Իրանի դերակատարությունը` տարածաշրջանում կայունություն ու անդորր հաստատելու գործում և ընդգծել է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման և ահաբեկչության, մասնավորապես ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի գործում Իրանի ներգրավվածության անհրաժեշտությունը: Կարևորվել է քաղաքական , տնտեսական, էներգետիկ, գիտական, կենսոլորտի , կրթական ու հետազոտական ոլորտներում Իրանի հետ համագործակցությունը:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին, Իրանի հետ Եվրամիության հարաբերությունների նորմալացման մասին բանաձևի ընդունումը դրական քայլ է գնահատել, ինչը կնպաստի Իրան-Եվրամիություն երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը:
Դիտորդների կարծիքով, Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման շրջանակում ԵՄ ռազմավարությունն ուղղված է տնտեսական հարաբերություններին և տարածաշրջանային ու միջազգային հարցերում համագործակցությանը:
Իրանի հետ հարաբերությունների նորմալացման մասին բանաձևը մեկ քայլ է եվրոպական երկրների և ԻԻՀ միջև հարաբերությունների ընդայնման ուղղությամբ: Իհարկե այս բնագավառում տնտեսական գործոնները գերազանցում են քաղաքական գործակցությանը:
Եվրամիությունը ձգտում է աշխարհում ստեղծել բազմաբևեռ համակարգ: Այս առումով Իրանը մեծ դեր կարող է ունենալ Եվրոպայի էներգիայի ապահովման ու տարանցման գործում: Իհարկե տարածաշրջանում խաղաղության հաստատման և Պարսից ծոցի անվտանգության ապահովման առումով Իրանի կարևոր դերը մեծ նշանակություն ունի ԵՄ-ի համար:
Համատեղ քայլերի համապարփակ ծրագրից և արտաքին քաղաքականության մեջ երկխոսության մթնոլորտի ստեղծումից հետո, եվրոպացիների համար Իրանի հետ հարաբերություններ հաստատելու նոր առիթներ են ստեղծվել : Միջազգային ասպարեզում Իրանի նկատմամբ ԵՄ մոտեցումները դրական փոփոխություն են կրել:
Իսկ Իրանը վճռակամ է` ահաբեկչության ու ծայրահեղականության նման ընդհանուր սպառնալիքներին դիմակայելու, արտասահմանյան կապիտալների ներգրավման , տարբեր ոլորտներում նոր տեխնոլոգիաների փոխանակման և միջազգային առևտրի ու տնտեսության զարգացման շրջանակներում ընդլայնել ԵՄ-ի հետ իր հարաբերությունները:
Այս համագործակցությունները կարևոր են նաև այն առումով, որ ԱՄՆ-ն Համատեղ քայլերի ծրագրից հետո շարունակվում է պահպանել հակաիրանական շրջափակումները: Ուստի այդ երկիրը փորձում է Եվրոպական երկրներին համոզել հետևելու իր հակաիրանական քաղաքականությանը: Սպիտակ Տունը այդ նպատակի իրականացման համար փորձում է մարդու իրավունքների հարցը և Իրանի հրթիռային կարողությունը պատրվակ ծառայեցնել: Սակայն անցած տասնամյակի ընթացքում Եվրամիությունը հետևելով ԱՄՆ-ի օրինակին, զրկվել է Իրանի հետ համագործակցության առիթներից ու մեծապես տուժել է: