ԻԻՀ-ԵՄ բանակցությունները
Բրյուսելում կայացել է Իրանի և Եվրամիության պաշտոնյաների նիստը: Կողմերը քննարկել են տարածաշրջանային ու երկկողմ հարցեր:
Նիստը կայացել է Եվրամիության արտաքին գործերի եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտի, և Իրանի ԱԳ նախարարի տեղակալ՝ Մաջիդ Թախթ Ռավանչիի համանախագահությամբ:
Նոյեմբերի 9-ի երեկոյան նիստի ավարտին Եվրամիությունը հրապարակել է հաղորդագրություն,որում ասված է.«Բրյուսելում գումարված նիստում քննարկվել են Իրան-Եվրամիություն հարաբերությունները՝ առևտրի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, էմիգրացիայի, կրթության, մշակույթի ,գիտության ու տրանսպորտի ոլորտներում: Կողմերը մտքեր են փոխանակել Միջինարևելյան տարածաշրջանի հարցերի վերաբերյալ: Իրանի և Եվրամիության պաշտոնյաները խորհրդակցություններ են անցկացրել մարդու իրավունքների վերաբերյալ»:
Նիստը կայացել է այն դեպքում ,երբ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքում Դոնալդ Թրամփի հաղթանակը անակնկալի բերեց շատերին,այդ թվում ԵՄ-ին:
Հաշվի առնելով Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի վերաբերյալ Թրամփի քարոզչական հայտարարությունները, որոշ քաղաքական շրջանակներ այն հարցն են բարձրացրել թե արդյոք այս ծրագրի կապակցությամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը փոփոխությո՞ւն է կրելու:
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով գերագույն ներկայացուցիչ՝ Ֆեդերիկա Մոգերինին այդ մասին ասել է.«Իրանի միջուկային համաձայնությունը Իրան-ԱՄՆ երկկողմ համաձայնություն չէ : Սա բազմակողմանի համաձայնություն է,որի կապակցությամբ ես անձամբ ուղղակի պատասխանատվություն եմ կրում և պետք է երաշխավորեմ դրա գործադրումը հակամարտ երկրների կողմից:
Համատեղ քայլերի համապարփակ ծրագրից հետո, Իրան-ԵՄ համագործակցությունը հասանելի նպատակ է, սակայն կան մի շարք մարտահրավերներ: Իհարկե Իրանի հետ ԵՄ հարաբերությունների ընդլայնումը պահանջում է թափանցիկություն և անկախ գործունեություն: Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործման հարցում արևմուտքը պետք է թափանցիկություն դրսևորի:
Ֆեդերիկա Մոգերինին ավելի վաղ Իրանի պաշտոնյաների հետ ունեցած բանակցություններում ասել էր,որ Եվրամիությունը հանձնառու է համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործման նկատմամբ և համատեղ շահերի ապահովման շրջանակում վճռակամ է ընդլայնել իր համագործակցությունը Իրանի հետ: Իրանի հարցով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն՝ Յուկիա Ամանոյի նոր զեկույցը , որ երեկ հրապարակվել ու ներկայացվել է կառավարիչների խորհրդին, վկայում է, որ Իրանը հավատարիմ է եղել միջուկային համաձայնությանը: Այդ զեկույցը մեկ անգամ ևս հաստատում է, որ Իրանի միջուկային գործունեությունը, ներառյալ ուրանի հարստացումը, Արաքի ծանր ջրի ռեակտորի վերանախագծումը և ծանր ջրի արտադրությունն իրականանում են Համատեղ քայլերի ծրագրի շրջանակում:
Անտարակույս համատեղ նպատակների ու շահերի իրագործումը կախված է տարբեր ոլորտներում հավասարակշռված համագործակցությունից: Իրան-ԵՄ հարաբերությունները ևս բացառություն չեն կազմում: Իհարկե ԱՄՆ-ն չի աջակցում այս համագործակցությանը և մտացածին պատճառաբանությամբ փորձում է խոչընդոտներ հարուցել Իրան-ԵՄ հարաբերությունների ճանապարհին: Սակայն Եվրոպան չի կարող մշտապես դառնալ ԱՄՆ-ի միակողմանի ցանկությունների ու քաղաքականությունների գերին: