Հայաստանը՝ Եվրոպայից արտաքսվող ապաստան հայցողների հնարավոր ընդունող երկրների ցանկում
Հայաստանը ներառվել է Եվրամիության այն հնարավոր երկրների ցանկում, որտեղ կարող են ստեղծվել ապաստան հայցողների արտաքսման կենտրոններ։ Այս ծրագրի իրականացման շուրջ նախնական համաձայնության են եկել եվրոպական հինգ երկրներ՝ Գերմանիան, Դանիան, Ավստրիան, Նիդեռլանդներն ու Հունաստանը։
Pars Today-ը, հղում անելով Tasnim-ին, հայտնում է, որ այս հինգ երկրները Կոպենհագենում կայացած հանդիպման ժամանակ համաձայնության են եկել Եվրամիությունից դուրս վերադարձի կենտրոններ ստեղծելու և երրորդ երկրների հետ բանակցություններ վարելու շուրջ։ Ծրագրի հնարավոր գործընկեր երկրների թվում նշվել են Հայաստանը, Եգիպտոսը, Եթովպիան, Գանան, Լիբիան, Չեռնոգորիան, Սենեգալը, Թունիսը, Ուգանդան և Ռուանդան։
Ծրագրի համաձայն՝ այն միգրանտները, որոնց ապաստանի դիմումները մերժվել են կամ որոնք ենթակա են արտաքսման, կարող են պահվել Եվրոպայից դուրս գտնվող կենտրոններում՝ մինչև իրենց ծագման երկրներ վերադարձը։
Չնայած եվրոպական մի շարք կառավարությունների աջակցությանը՝ ծրագրի իրականացումը բախվում է իրավական խնդիրների և իրավապաշտպան կազմակերպությունների հակազդեցությանը։ Քննադատները նախազգուշացնում են հնարավոր ընդունող երկրներում մարդու իրավունքների վիճակի և ապաստան հայցողների պահման պայմանների վերաբերյալ։
Եթե Հայաստանը ընտրվի որպես այդպիսի կենտրոնների տեղակայման երկիր, ապա եվրոպայում ապաստան հայցողների արտաքսման կենտրոնների ընդունումը կարող է Հարավային Կովկասի այս երկիրը ներգրավել Եվրամիության միգրացիոն քաղաքականության բավական զգայուն գործընթացներում։