Մամուլի տեսություն 13-11-2016
Սաուդյան Արաբիայի հետ ռազամավարական հարաբերությունները պահպանվելով հանդերձ Թրամփը կփորձի զսպել Ռիադի ամբիցիաները։
Ռեսալաթ
Թրամփը կփորձի զսպել Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային ամբիցիաները
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունը մեծ զարմանք առաջացրեց ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաեւ աշխարհի տարբեր երկրներում։ Վերլուծաբաններն ու փորձագետներն այս օրերին փորձում են վերլուծել իրադրությունը, պարզելու, թե ինչ կարող է սպասել ԱՄՆ-ի ու տարբեր երկների հետ նրա հարաբերություններին Թրամփի օրոք, երբ վերջինս 2Օ17 թվականի հունվարի 2Օ-ին երդման արարողությունից հետո հայտարարվի ԱՄՆ-ի նախագահ․ փոխանցում է Ռեսալաթ թերթը։ ԱՄՆ-ի Ջորջ Թաուն համալսարանի դասախոս՝Շիրին Հանթերի կարծիքով Թրամփի նախագահության շրջանում չեն բարելավելու Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունները։ Իսկ Սաուդյան Արաբիայի հետ ռազամավարական հարաբերությունները պահպանվելով հանդերձ Թրամփը կփորձի զսպել Ռիադի ամբիցիաները։ Իրանական Մեհր գործակալությանը տված հարցազրույցում Հանթերը նշել է․-«Դոնալդ Թրամփը գիտակցում է,որ ԱՄՆ-ի նախկին քաղաքականությունների և ՆԱՏՕ-ի կամ Ճապոնիայի նման դաշնակիցների նկատմամբ ստանձնած պարտավորությունների մի կողմ դնելը հեշտ գործ չէ։ Նույնը կարելի է ասել Միջին Արևելքի վերաբերյալ։ Թրամփը ցանկանում է նվազեցնել ԱՄՆ-ի ռազմական ներկայության հետևանքով վտանգը, հատկապես ,որ տարածաշրջանի երկրներն են դա պահանջել։ Հետևաբար Թրամփը այնքան էլ չի ցանկանա ընթացք տալ Սաուդյան Արաբիայի ամբիցիաներին»,ասել է ԱՄՆ Ջորջ Թաուն համալսարանի դասախոսը։
---
«Ջամ-ե Ջամ»
Թրամփը Սիրիայում պայքարելու է ոչ թե Ասադի, այլ՝ ԻԼԻՊ-ի դեմ
Այսօր բոլոր թերթերն ու լրատվական կայքերն անդրադարձել են ԻԼԻՊ-ի և ոչ թե Ասադի դեմ պայքարելու մասին Թրամփի հայտարարությանը։
«Ջամե Ջամ» թերթը գրում է․-ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում անհրաժեշտ է պայքարել ԻԼԻՊ խմբավորման դեմ, այլ ոչ թե փորձել պաշտոնանկ անել երկրի նախագահ Բաշար Ասադին։ «Սիրիայում տիրող իրադրության առնչությամբ ես բազմաթիվ մարդկանցից տարբերվող տեսակետ ունեմ»,- Wall Street journal-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը:Նա առաջարկել է ավելի մեծ ուշադրություն դարձնել ԻԼԻՊ-ի դեմ պայքարին, այլ ոչ՝ Ասադին գահընկեց անելու փորձերին:«Սիրիան պայքարում է ԻԼԻՊ-ի դեմ, մենք նույնպես ուզում ենք ազատվել ԻԼԻՊ-ից: Ռուսաստանը ներկայում սերտորեն համագործակցում է Սիրիայի հետ, և հիմա մենք Իրանն ունենք, որը Սիրիայի դաշնակիցն է... Հիմա մենք սատարում ենք ապստամբներին՝ Սիրիայի դեմ, և մենք չենք ընկալում, թե ովքեր են այդ մարդիկ: Եթե ԱՄՆ-ն հարձակվի Ասադի վրա, ապա դա կհանգեցնի Ռուսաստանի հետ պայքարի»,- ասել է Թրամփը:
---
«Ջոմհուրի Էսլամի»
Թրամփի ընտրվելը կարող է վտանգի տակ դնել ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հարաբերությունները.Յունկեր
ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը կարող է սպառնալիքի տակ դնել Եվրամիության ու Միացյալ Նահանգների հարաբերությունները։ Այդ մասին Լյուքսեմբուրգում համաժողովի ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի նախագահ՝ Ժան- Կլոդ Յունկերը,փոխանցում է Ջոմհուրի Էսլամի թերթը:
«Մենք պետք է նորընտիր նախագահին բացատրենք, թե ինչ է Եվրոպան ու ինչպես է այն գործում»,- հայտնել է Յունկերը:Նա շեշտել է, որ ՆԱՏՕ-ի անվտանգության քաղաքանության մասին Թրամփի հայտարարությունները կարող են «կործանարար» հետեւանքներ ունենալ։Իսկ մյուս կողմից Ջամե Ջամ թերթը գրել է,որ Եվրոպան անհանգստացած է Թրամփի օրոք ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների կապակցությամբ ,մինչդեռ ռուս պաշտոնյաները ողջունել են Թրամփի հաղթանակը: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթն ասել էր.«ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի ընտրվելը իսկական «նվեր»կլինի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Իսկ Թրամփի հաղթելուց հետո Օլբրայթը նրան զգուշացրել է ՆԱՏՕ-ի նկատմամբ մեկուսացման դիրքորոշում որդեգրելու կապակցությամբ:
---
News.am
New York Times-ը գնահատել է, արդյո՞ք Լը Պենին կհաջողվի կրկնել Թրամփի հաղթարշավը
ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո հնարավարություն կա, որ նրա հաջողությունը կկրկնի նաեւ ֆրանսիական ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով The New York Times-ը:
Ըստ պարբերականի՝ Եվրոպայում սկսել են ավելի մեծ ժողովրդականություն վայելել աջ կուսակցությունները, որոնք միլիարդատիրոջ ընտրության մեջ աշխարհի քաղաքական լանդշաֆտում կտրուկ փոփոխություններ տեսան:
«Դա ցույց է տալիս, որ երբ մարդիկ ինչ-որ բան շատ են ուզում, կարող են դա ստանալ... Երբ մարդիկ ցանկանում են ճակատագիրն իրենց ձեռքը վերադարձնել, կարող են դա անել՝ չնայած սեւացնելու անդադար արշավին»,- Լը Պենի խոսքերն է մեջբերում The New York Times-ը:
«Լը Պենը կարող է հաղթել Ֆրանսիայում»,- հայտարարել է երկրի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենը, որը, ըստ պարբերականի, հայտնի է իր գնահատականների լրջությամբ:
Սակայն փորձագետները կասկածում են, որ դեպի Ելիսեյան պալատ Լը Պենի ճանապարհը դյուրին է լինելու, եթե ընդհանրապես հաջողությամբ պսակվի: Ֆրանսիայում ե՛ւ ձախերի, ե՛ւ աջերի կողմնակիցներն ընտրությունների վերջին փուլում սովորաբար միավորվում են ծայրահեղ աջերի թեկնածուի դեմ: Բացի այդ, «Ազգային ճակատի» առաջնորդի ռեսուրսները համեմատելի չեն Թրամփի ունեցած ռեսուրսների հետ:
«Լը Պենը թեկնածուն է մի կուսակցության, որը համակարգի ծայրում է: Թրամփը Հանրապետական կուսակցության թեկնածուն էր»,- նշել է եվրոպական ծայրահեղ աջ հոսանքների հարցերով փորձագետ Ժան-Իվ Կամյուն:
Ամեն դեպքում՝ Լը Պենը բազմաթիվ կողմնակիցներ ունի. «Ազգային ճակատ» կուսակցությունն իշխանության գլուխ է ֆրանսիական 11 քաղաքներում, որտեղ բնակիչների աջակցությունն է վայելում: Ըստ հոդվածագրի՝ դրանցից մեկի՝ Էնեն Բոմոնի քաղաքապետը կարծում է, որ ամբողջ երկրի քաղաքացիներն են փոփոխություններ ուզում:
«Բազմաթիվ ֆրանսիացիներ գլոբալիզացիայի եւ ներգաղթի զոհ են դարձել: Այնպես որ՝ մենք պետք է փոխենք մեր քաղաքականությունը: Եվ դա կարող է անել միայն Մարին Լը Պենը»,- ընդգծել է նա:
---
Galatv.am
Եվրամիությունը պատրաստվում է երկարաձգել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները
«Դեկտեմբերին, ըստ երեւույթին, կերկարաձգվեն պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի դեմ Ուկրաինայում միջամտության համար: Միեւնույն ժամանակ դիվանագետները ենթադրում են, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը Եվրամիության որոշ երկրների համար զսպող գործոն կարող է հանդիսանալ»,- The Financial Times-ում գրում է Արթուր Բիզլին:
«Կիրակի օրը ԵՄ երկրների արտգործնախարարները կհանդիպեն եւ կքննարկեն Թրամփի հաղթանակի հետեւանքները: Նրանք պետք է որոշեն՝ ինչպես արձագանքել, եթե Թրամփը գործնականում կիրառի իր նախընտրական հռետորաբանությունը»:
«Հանդիպման նպատակն է մինչ Թրամփի իշխանության գալը երաշխավորել քաղաքական ընդհանուր դիրքորոշման պահպանությունը: Նա պետք է հստակ գիտենա, թե ինչ ենք սպասում իրենից»,-հայտարարել է եվրոպացի դիվանագետներից մեկը:«Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների ժամկետը լրանում է տարեվերջին: Գերմանիան եւ Ֆրանսիան պնդելու են պատժամիջոցների երկարաձգման մասին իրենց որոշումը, եթե Ռուսաստանը չիրագործի մինսկյան համաձայնագրի կետերը: Սակայն Իտալիան, Հունգարիան եւ Հունաստանը պատժամիջոցները մեղմելու կողմնակից են»:
«Այժմ հարց է առաջանում. իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե Թրամփի փոխգործակցությունը Պուտինի հետ հանգեցնի պատժամիջոցների մեղմմանը եւ նույն դիրքորոշումը պարտադրի Եվրոպային: Դիվանագետները հայտարարել են, որ ԱՄՆ-ի քաղաքական ուղեգծի ցանկացած փոփոխություն ազդեցություն կունենա ուկրաինական հարցով ԵՄ անդամ պետությունների միասնականության վրա: Բացի այդ, եվրոպացի դիվանագետները վերլուծում են, թե ինչ տեղի կունենա, եթե Թրամփը հրաժարվի Իրանի հետ միջուկային համաձայնագրից»,-եզրափակում է The Financial Times-ը:
Աղբյուր՝ The Financial Times
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան