Իրանական «Մուհամմեդ մարգարե» ֆիլմը մեծ արձագանք է գտել արտերկրում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i43339-Իրանական_Մուհամմեդ_մարգարե_ֆիլմը_մեծ_արձագանք_է_գտել_արտերկրում
Վերջերս Մաջիդ Մաջիդիի «Մուդամմեդ մարգարե» ֆիլմը «Մուհամեդ․Աստծո դեսպան» խորագրով ցուցադրվել և մեծ արձագանք է գտել Թուրքիայում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2016 15:58 Asia/Tehran

Վերջերս Մաջիդ Մաջիդիի «Մուդամմեդ մարգարե» ֆիլմը «Մուհամեդ․Աստծո դեսպան» խորագրով ցուցադրվել և մեծ արձագանք է գտել Թուրքիայում։

 

Իրանական «Մուհամեդ մարգարե»  ֆիլմը հոկտեմբերի 28-ից ցուցադրվել է ավելի քան 300 թուրքական կինոթատրոններում։ Ֆիլմի թուրքերեն թարգմանությունը, որը ցուցադրվել է անգլերեն ենթագրերով, մեծ տարածում և արձագանք է գտել Թուրքիայում։ Թուրքական հեռուստաալիքներից շատերում հայտնվել են  ֆիլմի մասին պատմող ռեպորտաժներ: Շատ է խոսվել նաև  ֆիլմի պրեմիերայի մասին։ Հատկանշական է, որ Մաջիդիի ֆիլմը ամենաշատ վաճառվող ֆիլմերի շարքում վաճառքի ցուցանիշներով գերազանցել է նույն ժամանակ էկրանավորված երկու ամերիկյան ֆիլմերի։  Հաղորդումների համաձայն,  ցուցադրման առաջին երեք օրվա ընթացքում ֆիլմը դիտել է ավելի քան 183 հազար մարդ։

  «Մուհամմեդ մարգարե»  ֆիլմը

 

                                     

Թուրք դերասաններից մեկը համոզված է, որ այս ֆիլմը առաջիկա հիսուն տարիների ընթացքում կպահպանի իր կարևորությունը, ինչպես նաև մեծ ավանդ կունենա իսլամական աշխարհի արժեհամակարգի պահպանման գործում։ Մաջիդ Մաջիդիի «Մուհամմեդ մարգարե»  ֆիլմը «Մուհամեդ․Աստծո դեսպան» խորագրով ցուցադրվել է թուրքական կինոթատրոններից շատերում։

Ֆիլմի սցենարը գրվել է Մաջիդ Մաջիդիի և Քամբուզիա Փարթովիի կողմից։ Նկարահանումները տևել են յոթ տարի։ «Մուհամմեդ մարգարե» ֆիլմի միայն սկզբնական աշխատանքները, ուսումնասիրությունները տևել են ավելի քան երեք տարի։ Նկարահանումներն իրականացվել են Ղոմ քաղաքից հիսունհինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող փոքր քաղաքում։ Այդ քաղաքում նույն չափերով կառուցվել են Մադինայի և Մեքքայի այն շինությունների մակետները, որոնք եղել են դեռևս հազար չորս հարյուր տարի առաջ։ Ֆիլմը նկարահանվել է Վիտորիո Ստորարոյի կողմից, իսկ երաժշտությունը գրել է Էյ Ար Ռահմանը։ Պետք է նշել, որ վերոնշյալ երկու արվեստագետներն էլ Օսկարի մրցանակակիրներ են և հայտնի են ամբողջ աշխարհում։ Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Ալիռեզա Շոջանուրին, Մահդի Փաքդելը, Սարեհ Բայաթը և Մինա Սադաթին։

«Մուհամմեդ մարգարե» ֆիլմը պատմական է։ Այն պատմում է վեցերորդ դարում ապրած Մուհամմեդ մարգարեի մանկության մասին։ Ֆիլմը սկսվում է հեթանոսական շրջանի ու ժամանակի հասարակության վիճակի ներկայացումով և ավարտվում է, երբ Մուհամմեդ մարգարեն դառնում է տասներկու տարեկան։ Պլանավորված է նկարահանել այս ֆիլմի ևս երկու առանձին մասեր, որոնք կպատմեն մարգարեի կյանքի տարբեր շրջանների  մասին։

 

Ֆիլմի ռեժիսոր Մաջիդ Մաջիդին  ասել է․-«Ֆիլմի նկարահանումներից առաջ և հետո մենք հարցրել ենք թե՛ սուննի և թե՛ շիա գիտնականների և  հոգևորականների կարծիքը։ Բոլորն էլ բավարաված էին ֆլիմով և հաճախ դրական կարծիք էին հայտնում։ Հուսով եմ ովքեր չեն հավանել ֆիլմը, ևս մեկ անգամ կդիտեն այն և իրենց քննադատություններով կուղղորդեն մեզ»։  Ֆիլմի ցուցադրումից հետո,  խոսքն ուղղելով  այն քննադատողներին, Մաջիդին  ասել է․-«Ես իրոք կուսումնասիրեմ բոլոր քննադատությունները և ամենայն հարգանքով կվերաբերվեմ դրանց»։ Մաջիդիի խոսքերով՝ շատ քիչ ֆիլմեր կան, որոնք իսլամական աշխարհին ներկայացնում են Մուհամմեդ մարգարեի կյանքը և սա ևս  պատճառ է, որպեսզի այս  ֆիլմը հայտնվի բազմաթիվ քննարկումների կենտրոնում ։ Ռեժիսորն ասել է․«Մորթեզա Աղադի «Ալռեսալե» ֆիլմից հետո, որը էկրանավորվել է քառասուն տարի առաջ, մինչ այժմ ոչ մի նմանօրինակ ֆիլմ դեռ չի նկարահանվել։ Այսքան երկար ժամանակ անցնելուց հետո բնական է, որ բազմազան կարծիքներ պետք է լինեն ֆիլմի վերաբերյալ։ Մենք ողջունում ենք բոլոր կարծիքներն ու քննադատությունները։ Եթե լուրջ քննադատություններ լինեն, ապա դա ավելի կհեշտացնի իսլամն ու մեծ մարգարեին արվեստի միջոցով ներկայացնելու մեր գործը։ Ես հավատում եմ մեր գիտնականներին ու հոգևորականներին և գտնում եմ, որ նրանք դեռ շատ անելիքներ ունեն տարբեր ոլորտներում»։ Մաջիդիի կարծիքով, եթե Իսլամը արվեստի միջոցով չներկայացվի, շատ հնարավոր է, որ այս կրոնի վերաբերյալ սխալ պատկերացումներ ստեղծվեն։ Ըստ նրա՝ արվեստը շատ ազդեցիկ միջոց է Իսլամի ողջ գեղեցկությունն ու հմայքը ցույց տալու համար։ Արվեստի միջոցով կարելի է նաև հաջող պայքար մղել ներկայումս շատ բուռն կերպով ընթացող հակաիսլամական քարոզչության դեմ։

Մաջիդ Մաջիդին՝ «Մուհամմեդ մարգարե» ֆիլմի ռեժիսորը

 

               

«Մուհամեդ մարգարե» ֆիլմը թուրք դերասանների, սցենարիստների, հոգևորականների, ինչպես նաև Իրանի մշակույթի կցորդի և բազմաթիվ այլ մարդկանց ներկայությամբ ցուցադրվեց Ստամբուլի կենտրոնական կինոթատրոններից մեկում։ Հրավիրվածները սրտի թրթիռով և մեծ հուզվածությամբ էին հետևում ֆիլմի իրադարձություններին։ Շատերն անգամ չկարողացան զսպել իրենց արցունքները և արտասվեցին ֆիլմի ցուցադրման ժամանակ։ Հանդիսատեսներից մեկը ֆիլմի մասին ասում է․«Հուսով եմ այս ֆիլմը ամբողջ տարվա ընթացքում բազմաթիվ անգամներ կցուցադրվի, որպեսզի թուրք ժողովուրդը հնարավորություն ունենա դիտելու այն։ Ես ֆիլմի դիտումից հետո բազմաթիվ դրական լիցքեր և երջանկության զգացում ունեցա։ Ամենակարևորն այն է , որ ինձ հասավ Մուհամմեդ մարգարեի սիրո, բարեկամության, ընկերության և ներողամտության ուղերձը»։

Ցուցադրմանը ներկա կինոքննադատների ու գրողների կարծիքով , այն ունի անհրաժեշտ պոտենցիալը , որպեսզի վաճառքի ցուցանիշներով զբաղեցնի առաջին հորիզոնականը։ Հրավիրվածներից շատերը ցուցադրումից հետո ԶԼՄ-ներին տված իրենց հարցազրույցներում նշել են, որ պատրաստվում են կրկին դիտել ֆիլմը։

 

                   

 

«Թուրքիա» օրաթերթում այս ֆիլմի մասին գրված բավականին ծավալուն հոդվածում ասվում է․«Մաջիդ Մաջիդին իր ֆիլմում ներկայացնում է մարգարեի մանկությունը, սակայն նա չի կարողացել դուրս գալ շիական շրջանակներից։ Պետք է նշել, որ Մաջիդին մեծ պրոֆեսիոնալություն ունի և նրա բեմադրած ու նկարահանված տեսարանները ուղղակի անզուգական են ։ Այս ֆիլմում ընգրկված չեն համաշխարհային հռչակ ունեցող դերասաններ, այնուամենայնիվ ռեժիսորը կարողացել է ապահովել այն ամենն ինչ անհրաժեշտ է, որպեսզի ֆիլմը լինի հաջողված»։

«Սաբահ» և «Ղարար» օրաթերթերը ֆիլմի պրեմիերայի մասին նորությունը տեղադրել էին իրենց առաջին էջում։ «Սաբահ» թերթի հոդվածագիրներից մեկն իր «Մուհամմեդ մարգարեի ֆիլմը կինոթատրոնում» վերնագրով հոդվածում գրել է․«Ֆիլմի ցուցադրման 3 ժամերի ընթացքում շատ-շատերը չէին կարողանում զսպել իրենց արցունքները»։

«Ղարար»օրաթերթի «Մարգարեի հրաշք մանկությունը» հոդվածում ֆիլմը տասից ութ միավոր է գնահատվել։ Արքութ Թազարդին, անդրադառնալով այն հանգամանքին, որ ֆիլմը ուսումնասիրվել է նաև Թուրքիայի կրոնական կազմակերպության կողմից, գրում է․«Այս ֆիլմում չի ցուցադրվում մարգարեի դեմքը։ Ինչպես նաև, երբ նրան ֆիլմում հարց են ուղղում և նա պատասխանում է, ձայն չի հնչում, այլ պատասխանը ենթագրերի միջոցով է արտահայտվում»։

«Սաբահ» օրաթերթի «Բարի առավոտ»   հավելվածում ֆիլմի մասին գրված է․«Մուհամմեդ մարգարե» ֆիլմի սցենարը  մեծ ազդեցություն է թողնում հանդիսատեսի վրա»։

«Մուհամմեդ մարգարե» ֆիլմը թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում                                                                                   

 

          

Թուրք կինոքննադատ Էհսան Ղաբիլին, ով ֆիլմը դիտել է իր երեք ընկերների հետ, այն համարել է «Ալռեսալե» ֆիլմից մոտ քառասուն տարի հետո տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններից մեկը։ Իրադարձություն, որը կոչված է արվեստի միջոցով իսլամական աշխարհին ներկայացնել մեծն մարգարեի կյանքը։ Հայտնի կինոքննադատի խոսքերով՝ Մաջիդին ֆիլմում շատ հմուտ կերպով օգտագործել է անիմացիան, գրաֆիկական պատկերները և էքշն ոճը։ Նշենք, որ Էքշն ոճը օգտագործվել է Մեքքայի վրա Աբրահայի հարձակումը նկարահանելու համար։ Երաժշտության մասին Ղաբիլն ասել է․«Ֆիլմի երաժշտությունը իրանական և արևմտյան երաժշտության յուրատեսակ խառնուրդ է»։ Երաժշտության հեղինակը հնդիկ երաժիշտ Էյ Ար Ռահմանն է, ով վերջերս մուսուլման է դարձել։ Ղաբիլը Մաջիդիին համարել է իսլամական աշխարհի մեծ ռեժիսորներից մեկը, իսկ նրա ֆիլմը՝ արժեքավոր ստեղծագործություն։

Թուրքական «Ղոդս» հեռուստաընկերության լրագրող Ռամազան Բուրսան ֆիլմի վերաբերյալ բոլոր քննադատությունները քաղաքական է համարել։ Ըստ Բուրսայի․«Մաջիդին ֆիլմը նկարահանել է այն ժամանակ, երբ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները հուզումներ էին առաջացրել իսլամական աշխարհում, միևնույն ժամանակ արևմուտքում առաջացել էր իսլամաֆոբիա։ Այս ամենը տեսնելով Մաջիդ Մաջիդին հասկացավ, որ արևմուտքում չեն ճանաչում ո՛չ իսլամը և ո՛չ էլ Մուհամմեդ մարգարեին, ուստի նա որոշեց իրավիճակը փոխելու նպատակով նկարահանել այս ֆիլմը։ Իմ կարծիքով, եթե Եգիպտոսում կամ Սաուդյան Արաբիայում քննադատության արժանացնեն այս ֆիլմը, ապա դա կրելու է միայն քաղաքական բնույթ»։ Բուրսան հավելել է, որ անգամ Թուրքիայում այս ֆիլմի բազմաթիվ քննադատություններ ունեցել են քաղաքական ենթատեքստ։ Իսկ քննադատողներն էլ շատ հաճախ նրանք են, ովքեր Հալեպի և Մոսուլի գործողությունների հետ կապված կրոնական վեճերի տեղիք էին տալիս։

Ռամազան Բուրսան՝ Թուրքական «Ղոդս» հեռուստաընկերության լրագրող

 

 

Չնայած բազմաթիվ քննադատություններին, այնուամենայնիվ Թուրքիայում օրեցօր ավելանում է իրանական «Մուհամմեդ մարգարե» ֆիլմը դիտողների քանակը։

Ֆիլմը ցուցադրվել է նաև Բաղդադում` նոյեմբերի ութին։ Շուտով պլանավորվում է ֆիլմի ցուցադրություն կազմակերպել նաև Բաղդադի հարակից քաղաքներում։  Նոյեմբերի տասնութից ֆիլմը ցուցադրվում  է նաև Ռուսաստանում։ Առաջին անգամ այն ցուցադրվել  է Դաղստանում։ Ցուցադրման արարողությունը պլանավորված է անցկացնել մեծ շուքով՝ Դաղստանի նախագահի, Մաջիդ Մաջիդիի և այլ հյուրերի ներկայությամբ։ 

  Տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների հետ ֆինանսավորման պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի ֆիլմը էկրան բարձրանա նաև Միջին Արևելքի մյուս երկրներում։ Համաձայնություն է ձեռք բերվել նաև բրիտանական մի ընկերության հետ, որը պետք է հովանավորի ֆիլմի ցուցադրումը եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում։ Ֆիլմի տարբեր լեզուներով թարգմանվելու հետ մեկտեղ հասանելի է լինելու նաև պարսկերեն ենթագրերով տարբերակը։