Իսրայելի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունը՝ բանավոր քննադատություն, գործնականում՝ հովանավորություն
ԱՄՆ-ի Կոնգրեսը ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց պաշտպանական քաղաքականության նախագծին, որտեղ ավելի քան 600 միլիոն դոլար օժանդակություն է հատկացված Իսրայելի ռեժիմի հրթիռային ծրագրին:
Այս նախագիծը Սենատում վավերացվեց 92 կողմ և 7 դեմ ձայներով: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն անցած շաբաթ կտրուկ մեծամասնությամբ վավերացրել էր այդ նախագիծը: Նախագծում ԱՄՆ-Իսրայել հրթիռային պաշտպանության համագործակցությունների հետազոտության ու զարգացման բաժնին 268 միլիոն 700 հազար դոլար, Երկաթյա գմբեթ հակառակետային պաշտպանության համակարգի մշակմանը 62 միլիոն դոլար, «Դավթի պարսատիկ» միջին հեռահարությամբ հրթիռային պաշտպանության համակարգին 150 միլիոն դոլար և «Էրո-3» հեռահար հրթիռային պաշտպանության համակարգի մշակմանը 120 միլիոն դոլար հատկացում է կատարվել: Նախագծում 10 միլիոն դոլար նախատեսվել է Գազայի հատվածում թունելները փակելու ԱՄՆ-Իսրայել համագործակցությանը:
Լրատվական աղբյուրները հատկապես ԱՄՆ-ի գործող նախագահի պաշտոնավարության երկրորդ շրջանում ԱՄՆ-ի կառավարության ու Սիոնիստական ռեժիմի միջև տարաձայնությունների մասին բազմաթիվ հաղորդումներ ու մեկնաբանություններ են հրապարակել: Թեև այդ հաղորդումների որոշ բաժինը համապատասխանում է իրականությանը, սակայն շատ քիչ վերլուծաբաններ են հավատում ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև տարաձայնությունների գոյությանը: Իրականում այն, ինչ ներկայացվում է ԱՄՆ-Իսրայել տարաձայնության անվան տակ, ԱՄՆ-ի իշխանությունների, այդ թվում նախագահ Բարաք Օբամայի քննադատություններն են եղել ուղղված Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին: Դա են ապացուցում Իսրայելի ռեժիմի նկատմամբ ամերիկացի իշխանությունների խոսքի ու գործի միջև եղած բացահայտ հակասությունները:
Օրինակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նոյեմբերի վերջին անուղղակիորեն քննադատելով Սիոնիստական ռեժիմի կառավարությանն, ասաց, որ Իսրայելը պիտի ընտրություն կատարի քաղաքավանները կառուցելու և կամ երկու պետությունների ձևավորման այլընտրանքների միջև: Այլ խոսքով, Ջոն Քերին անուղղակի կերպով քննադատել էր քաղաքավանների կառուցումը շարունակելու Իսրայելի քաղաքականությունը:
Ջոն Քերին այն պայմաններում է նման քննադատություն ուղղում Սիոնիստական ռեժիմին, երբ Օբամայի կառավարությունն այս տարվա սեպտեմբեր ամսին ստորագրեց Սիոնիստական ռեժիմի հանդեպ ռազմական հովանավորության փաթեթը: Ըստ այս համաձայնության, ԱՄՆ-ն տասը տարվա ընթացքում 38 միլիարդ դոլար՝ տարեկան 3.8 միլիարդ դոլար, օժանդակություն է կատարելու Սիոնիստական ռեժիմին: Դա ի տես այն բանի, որ մինչ այդ Իսրայելին ԱՄՆ-ի տարեկան օժանդակությունը կազմում էր 3 միլիարդ դոլար: Սենատում վավերացված 600 միլիոն դոլար ռազմական օժանդակությունը ներառված է սեպտեմբերին ստորագրված համաձայնագրում:
Ուշագրավն այն է, որ ԱՄՆ-ն այն պայմաններում է շարունակում Իսրայելի հանդեպ իր հովանավորությունը, երբ հատկապես վերջին ամիսներին խստացել են Սիոնիստական ռեժիմին ուղղված քննադատությունները: Օրինակ կարելի է հիշատակել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի տեղակալ Ստեֆան Օ՛Բրայնի քննադատությանը: Ստեֆան Օ՛Բրայնը նոյեմբերի 23-ին այդ կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում մտահոգություն հայտնելով սիոնիստների կողմից Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների հողատարածքների բռնազավթման կապակցությամբ, ասել էր. «Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների հողատարածքների բռնազավթումն ու ոչնչացումը 2015 թվականի համեմատությամբ մոտավորապես կրկնապատկվել է»:
Իրականությունն այն է, որ Իսրայելի հանդեպ ԱՄՆ-ի համակողմանի հովանավորությունները, լինեն դրանք ֆինանսական ու ռազմական և կամ համաշխարհային ասպարեզում քաղաքական հովանավորություններ, պաղեստինցիների դեմ այս ռեժիմի ոճրագործությունների սաստկացման գլխավոր ազդակներից են համարվում: