Իրան-Ռուսաստան բանակցությունները Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ
Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Սերգեյ Լավրովը կարևորել են Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրայի հետ համատեղ, Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերը:
Բանակցությունները շարունակվում են այն պայմաններում, երբ հինգշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թեհրան-Անկարա-Մոսկվա մերձությունը Սիրիայում հրադադարի հաստատման համաձայնությունների ձևավորման է հանգեցրել և երեք երկրները միասնաբար երաշխավորում են այդ համաձայնությունների իրագործումը: Ուրբաթ օրվանից Սիրիայում հրադադարի է հասատվել: ԻԼԻՊ-ը և Ալ-Նուսրայի ճակատն ընդգրկված չեն այս հրադադարում:
Թուիթերում ուղերձ հղելով Իրանի արտգործնախարարն ասել է.«Սիրիայում հրադադարի համաձայնությունը մեծ ձեռքբերում է, որից օգտվելով հնարավոր է թիրախ դարձնել ահաբեկչության արմատները և և ճանապարհ հարթել Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար:
Տարածաշրջանում իրադարձությունների զարգացմանը հետևելով, նկատելի է, որ Իրաքի վրա ԱՄՆ-ի և Բրիտանիայի իրականացրած հարձակումը և Միջին Արևելքում Արևմուտքի ռազմական արկածախնդրությունները ոչ միայն վերջ չտվեցին ահաբեկչությանը, այլև իրենց հետ բերեցին մարդկային աղետներ և ձևավորվեցին Ալ-Ղաիդան ու ԻԼԻՊ-ը: Ամեն դեպքում, մի շարք Արևմտյան պետություններ և տարածաշրջանի որոշ երկրների ղեկավարներ փորձում են թագցնել տարածաշրջանն անապահով դարձնելու ուղղությամբ իրենց դերակատարությունը: Սակայն հարց է ծագում, թե ինչ է լինելու այդ երկրների ճակատագիրը: Արդյոք պետք է լռել որոշ երկրների կողմից ահաբեկիչներին ցուցաբերվող հովանավորությունների դիմաց և նրանց թույլ տալ ինչ ցանկանում են կատարել: Սակայն այսօր փոխվել է ահաբեկչական խմբավորումների ճանապարհը: Ահաբեկիչները դուրս են քաշվել իրենց գլխավոր կենտրոններից համարվող Հալեպ քաղաքից և քաղաքի ազատագրմամբ նոր առիթ է ստեղծվել բանակցության և Սիրիայում ընթացող պատերազմին վերջ դնելու համար:
Այսօր կարևորվում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը և ահաբեկչության վերացումը: Ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը միտված են խեղել իսլամի դիմագիծը: Որովհետև ծայրահեղականները թիրախ են դարձրել իսլամական արժեքներն ու իսլամի ինքնությունը:
Ահաբեկիչները լինեն Ասիայի արևմուտքում կամ Աֆրիկայում, Ալ-Ղաիդա, ԻԼԻՊ, Բուքոհարամ, Ալ-Շեբաբ և ինչ անունով էլ որ ճանաչված լինեն, բոլորը միևնույն հոսանքն են ներկայացնում: Հետևաբար անհրաժեշտ է դիմակայել նեխած գաղափարներին, ծայրահեղականություն տարածողներին և ահաբեկիչների հովանավորներին:
«Iranian Review of Foreign Affairs» իրանական պարբերականում լույս տեսած հոդվածում, Իրանի արտգործնախարարը կարևորել է ծայրահեղականության ու ահաբեկչության տարածման դեմ համընդհանուր պայքարը: Նա նշել է, որ միջազգային հանրությունը եկել է այն ընդհանուր եզրակացության, որ հարկավոր է ամենազդեցիկ կերպով ազատվել այս խնդրից:
«Անհրաժեշտ է նաև ընդհանուր եզրահանգման գալ Արևմտյան Ասիայում տեղի ունեցած ռազմական արկածախնդրությունների մասին, այն է՝ ավարտվել է հեգեմոնիայի և տիրակալության ժամանակաշրջանը»,-ասել է Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը: