Գերմանիան խստորեն քննադատել է Թրամփի հռետորաբանությունը
Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը խստորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հյուսիսային Կորեայի հասցեին հնչեցրած սպառնալիքների ու կոշտ հայտարարությունների համար: Նա նաև զգուշացրել է միջուկային պատերազմի վտանգի կապակցությամբ:
Գերմանիայի ԱԳ նախարարն ասել է.«Թրամփի հռետորաբանությունը մտահոգություն ու անհանգստություն է առաջացնում, որ մենք, ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի դեպքում, գնում ենք դեպի պատերազմ, բայց այս դեպքում դեպի պատերազմ, որը որոշակի հանգամանքներում կիրականացվի միջուկային զենքով»։
Գաբրիելը նաև հիշեցրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի հայտարարությունն այն մասին, որ Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմը կհանգեցնի այնքան մեծաքանակ զոհերի, որը չի եղել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ «Դրա համար էլ պետք է հոգ տանել այդ տարածաշրջանի անվտանգության մասին։ Ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ում կգերիշխի նրանց տեսակետը, ովքեր բարդ խնդիրների լուծմանը մոտենում են սթափ գլխով, այլ ոչ թե զգացմունքների ու ագրեսիայի ազդեցության տակ»,- շեշտել է Գաբրիելը։
Թրամփի այս հայտարարություններն աննախադեպ են: Թվում է, որ Եվրոպայի ու ԱՄՆ-ի տարաձայնությունները խորանում են և տարածվում են այլ հարթակներում, ինչպես` Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միջազգային նորմերին դեմ գնացող սպառնալի դիրքորոշումները: Ութ ամիսների ընթացքում, որ Թրամփը մուտք է գործել Սպիտակ Տուն, բազմիցս արժանացել է եվրոպացիների քննադատությանը: Այս անգամ ևս խոսքը վերաբերում է միջուկային պատերազմի ծագման հավանականությանը, որի շրջանակում աշխարհի միջուկային գերտերություններից մեկը՝ այսինքն Միացյալ նահանգները, միջուկային պատերազմով է սպառնում արևելյան Ասիայի երկրներից մեկին:
Անդրադառնալով Թրամփի հայտարարություններին, Գաբրիելն ասել է, որ ժողովուրդների մեծ մասը վախեցել են: Նախարարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ժողովրդավարական ձևով ընտրված նախագահը նույնքան ագրեսիվ հռետորաբանություն է օգտագործում, որքան Հյուսիսային Կորեայի վարչակազմը։ Գաբրիելի կարծիքով՝ չի կարելի Փխենյանին պատասխանել նույն ոճով, որպեսզի հակամարտությունը ավելի չլարվի: Եվրամիության կարևորագույն երկիրը համարվող Գերմանիայի կարծիքով, նման դիրքորոշումները միմիայն ավելի կբարդացնեն սպառնալիքները: Փաստորեն Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի վերաբերյալ Վաշինգտոնի ու Փխենյանի միջև լեզվակռիվ է գնում :
Ռազմական հարցերով ռուս փորձագետ Իգոր Կորնիևն ասում է.«Չեմ կարծում ,որ գերտերությունները, այդ թվում ԱՄՆ-ն, լրջորեն պատրաստ լինեն Կորեական թերակղզում զինված դիմակայությանը, քանի որ դա կհանգեցնի արյունալի բախումների ,ինչը երկրորդ աշխարհամարտից ի վեր աննախադեպ է»:
Փաստորեն Կորեական թերակղզում ճգնաժամի նկատմամբ Թրամփի դիրքորոշումներն ու քայլերը լարվածություն են հրահրում արևելյան Ասիայի տարածաշրջանում և մեծացնում են ռազմական բախումների հավանականությունը : Անտարակույս ԵՄ-ի , մասնավորապես Գերմանիայի համար դա հաճելի չի կարող լինել : Եվրոպացիները վերջին տարիներին փորձել են այդ տարածաշրջանում իրենց հարաբերություններն ընդլայնել Չինաստանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ, որոնք համարվում են աշխարհում մեծ տնտեսություն ունեցող կարևորագույն երկրները: Ուստի այդ տարածաշրջանում, մասնավորապես` Կորեական թերակղզում ԱՄՆ հրահրած լարվածությունները հակադրվում են Եվրոպայի շահերին: Գերմանիայի ԱԳ նախարարի կողմից Թրամփի միլիտարիստական հայտարարությունների դեմ ուղղված քննադատությունը բխում է միջուկային պատերազմի ծագման մասին նրա մտահոգությունից: