ԿՀՎ-ի սիրիական ծրագիրը եւ օտարների ձեռքերով պատերազմի վտանգը
«Սիրիացի ապստամբներին աջակցության ԿՀՎ-ի գաղտնի ծրագիրն օգուտ է բերում նույն ջիհադիստական կազմակերպություններին, որոնց հետ ԱՄՆ-ն պայքարում է վերջին 15 տարիների ընթացքում»,- The Daily Beast-ում պնդում են փորձագետներ Դավիդ Գարտենստեյն-Ռոսսը եւ Նաթանիել Բարրը:
ԿՀՎ-ի ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին: Հեղինակների խոսքերով՝ ի սկզբանե այն չափավոր ապստամբներին ուժեղացնելու նպատակ էր հետապնդում, ովքեր պայքարում են Ասադի ռեժիմի դեմ:
«Սկզբում ապստամբների հրամանատարները բողոքում էին ԿՀՎ-ի ժլատությունից, որը մտավախություն ուներ, որ զենքը կհայտնվի ծայրահեղականների ձեռքում: Առնվազն մեկ խմբավորում խզել է հարաբերությունները ԿՀՎ-ի հետ եւ համալրել իսլամիստների կողմից ղեկավարվող կոալիցիայի շարքերը: Այլ ապստամբներ դադարել են մարտնչել: Այդ անհաջողություններից հետո ծրագիրը բարեփոխվեց»,- գրում են հեղինակները:
«Այժմ ամերիկյան անանուն պաշտոնյաները հայտնում են, որ ապստամբները, որոնց աջակցում է ԿՀՎ-ն, սկսել են հասնել աննախադեպ հաջողությունների, հատկապես Սիրիայի հյուսիս-արեւմուտքում»,- ասվում է հոդվածում:
Վերլուծելով «չափավորների» հաղթանակների աշխարհագրությունը եւ մարտի դաշտից ստացված տվյալները, հեղինակները եզրակացրել են. «խմբավորումները, որոնց աջակցում է ԿՀՎ-ն, համագործակցել են իսլամիստական «Ջաիշ ալ-Ֆաթեհ» կոալիցիայի հետ, որտեղ առաջատար մասնակիցներից մեկն «Ալ-Քաիդայի» հետ պաշտոնապես փոխկապակցված «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորումն է»:
Հրապարակախոս Հասան Հասանը բացատրել է 2015 թվականի ապրիլին Իդլիբում հաջողությունները նրանով, որ ապստամբները կիրառել են մահապարտ ահաբեկիչներ եւ TOW տիպի ամերիկյան հակատանկային հրթիռներ: «Սիրիայի հարավում «Հարավային ճակատը», որին աջակցում է ԿՀՎ-ն, կողք կողքի մարտնչել է «Ան-Նուսրայի» հետ 2015 թվականի հունիսին Դերաա քաղաքի գրավման արշավում»,- ասվում է հոդվածում:
Հեղինակներն ընդգծում են, որ մեծ մասամբ խմբավորումները համագործակցում են «Ջաբհաթ ան-Նուսրայի» հետ: «Երբ դու պայքարում ես այնպիսի դաժան ռեժիմի հետ, ինչպիսին Ասադինն է, բնական է ամենուրեք դաշնակիցներ փնտրել: Ավելին, «Ան-Նուսրան» Սիրիայի հյուսիսում հզոր դերակատարներից մեկն է եւ կարող է պայմաններ թելադրել այլ խմբավորումներին: Վեչջիններս «Ան-Նուսրայի» հետ, որն օգտագործում է իր դիրքն ամերիկյան զենք հայթայթելու համար, «հաշվարկված ամուսնության» մեջ են մտել»,- գրում են հեղինակները:
ԱՄՆ-ի պաշտոնյաները չեն կարող չնկատել, որ «Ան-Նուսրան» եւ այլ ծայրահեղականներ օգտվում են ստեղծված իրավիճակում: «Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ սեպտեմբերի վերջին Ռուսաստանը միջամտեց Սիրիայում իրադարձություններին, ԿՀՎ-ն որոշեց զգալիորեն մեծացնել մահաբեր զենքի մատակարարումը ապստամբ խմբավորումներին»,- գրում են փորձագետները:
Առավել մեծ շռայլությամբ մատակարարվում են TOW տիպի հրթիռները: Ըստ որոշ տեղեկությունների՝ Օբամայի վարչակազմը եւ սունի երկրները, որոնք աջակցում են ընդդիմությանը, քննարկել են խմբավորումներին շարժական զենիթահրթիռային համակարգերի մատակարարման գաղափարը, սակայն չեն պարտավորվել անել դա:
Հեղինակների կարծիքով այժմ, քան երբեւէ, կարեւոր է կազմակերպել ԱՄՆ-ում հանրային քննարկումներ ԿՀՎ-ի այս ծրագրի վերաբերյալ: «Մեծ է վտանգը, որ ԱՄՆ-ի նման ընթացքի շարունակությունն ավելի կամրապնդի «Ջաբհաթ ան-Նուսրային», եւ ի վերջո, քաղաքական գործիչները պետք է դիմակայեն Սիրիայում գոտեպնդված «Ալ-Քաիդայի» ուժերին»,- ամփոփում են հեղինակները:
galatv.am
26/1/2016