Էրդողանը խոսել է «Ստամբուլ» ջրանցքի կառուցման մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i144518-Էրդողանը_խոսել_է_Ստամբուլ_ջրանցքի_կառուցման_մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմությանը կրկին մեղադրել է ջրանցքի կառուցման համար խոչընդոտներ ստեղծելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2021 13:53 Asia/Tehran
  • Էրդողանը խոսել է «Ստամբուլ» ջրանցքի կառուցման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմությանը կրկին մեղադրել է ջրանցքի կառուցման համար խոչընդոտներ ստեղծելու համար։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շուտով սկսվելու է «Ստամբուլ» ջրանցքի կառուցումը, որը կանցնի Բոսֆորին զուգահեռ ու կմիացնի Սև և Մարմարա ծովերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հունիսի 26-ին Թուրքիայի նախագահը մասնակցել է «Ստամբուլ» ջրանցքի շինարարության մեկնարկի հանդիսավոր արարողությանը։ Նախագծի իրականացումը սկսվել է ապագա ջրանցքի վրայով անցնող վեց կամուրջներից մեկի հիմնարկեքով:

«Մենք միայն ջրանցք չենք կառուցում, կլինեն նաև նավահանգիստներ ու ենթակառուցվածքների այլ օբյեկտներ, որոնք շատերին կապահովեն աշխատանքով, ջրանցքը նոր շունչ կտա Ստամբուլին», - ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առջև:

Նրա խոսքով՝ ջրանցքի շուրջը նախատեսվում է կառուցել սեյսմակայուն տներ, որտեղ բնակվելու է մոտ 500 հազար մարդ։ Նախագիծը ծրագրում են ավարտել վեց տարի անց։

Բացի այդ, Թուրքիայի նախագահը ընդդիմությանը կրկին մեղադրել է ջրանցքի կառուցման համար խոչընդոտներ ստեղծելու համար։

Էրդողանը ջրանցքի կառուցման գաղափարը հնչեցրել էր 2011թ. ապրիլին։ Նախագծի համաձայն՝ Ստամբուլը պետք է բեռնաթափի Բոսֆորի նեղուցը, որի միջով ամեն տարի անցնում են ավելի քան 50 հազար տարբեր նավեր, այդ թվում՝ նավթով լցանավեր։

Նախագծի համաձայն՝ 45-50 կմ երկարությամբ ջրանցքը Մարմարա ծովը կմիացնի Սև ծովին։ Խորությունը կկազմի 25 մետր, իսկ լայնությունը՝ 150 մետր: Նախագծի արժեքը 10 մլրդ դոլար է գնահատվում: Նախնական հաշվարկներով՝ նոր ջրանցքի թողունակությունը կկազմի տարեկան 85 հազար նավ։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio