Թյուրքական խորհուրդը վերակազմակերպվել է՝ դառնալով Թյուրքական պետությունների կազմակերպություն. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i155702-Թյուրքական_խորհուրդը_վերակազմակերպվել_է_դառնալով_Թյուրքական_պետությունների_կազմակերպություն._Էրդողան
Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը (Թյուրքական խորհուրդ) կվերանվանվի Թյուրքական պետությունների կազմակերպության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2021 18:22 Asia/Tehran
  • Թյուրքական խորհուրդը վերակազմակերպվել է՝ դառնալով Թյուրքական պետությունների կազմակերպություն. Էրդողան

Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը (Թյուրքական խորհուրդ) կվերանվանվի Թյուրքական պետությունների կազմակերպության:

 Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կազմակերպության VIII գագաթնաժողովի արդյունքների մասին մամուլի ասուլիսի ժամանակ:

Թուրքիայի առաջնորդը հավելել է, որ կազմակերպության վերանվանումն ու վերակազմակերպումը հանգեցնում է դրա առավել ինտենսիվ զարգացման:

Նրա խոսքով՝ հազարամյակներ շարունակ թյուրքական երկրները մնացել են մշակույթի եւ քաղաքակրթության կենտրոն, եւ «Արեւը դարձյալ կծագի Արեւելքից»:

«Թյուրքական պետությունների կազմակերպությունը չպետք է ոչ ոքի անհանգստացնի: Ընդհակառակը, այն պետք է ձգտի դառնալ այդ կառուցվածքի մասը, որը հիմնված է պատմական ընդհանրության վրա: Դա միջպետական կապերի զարգացման հարթակ է»,-ասել է Թուրքիայի առաջնորդը:

Նա նշել է, որ մինչեւ 2040 թվականը Թյուրքական աշխարհի հայեցակարգը հաստատելով՝ գագաթնաժողովի մասնակիցները հստակեցրել են Թյուրքական պետությունների կազմակերպության զարգացման հեռանկարները:

«Կանաչ տեխնոլոգիաներ եւ խելացի քաղաքներ թվային դարաշրջանում» խորագրով գագաթնաժողովին մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիեւը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

2009 թվականի հոկտեմբերին ստեղծված Թյուրքական խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է ժամանակակից թյուրքական պետությունները եւ որի գլխավոր նպատակն է դրանց միջեւ բազմակողմանի համագործակցության ստեղծումը: Դրա կազմում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը, իսկ որպես դիտորդ մասնակցում է նաեւ Հունգարիան:

News.am